Հայաստանի իշխանությունները Հանրային հեռուստաընկերությունից պահանջել են աշխատանքից հեռացնել ոճային ստուդիայի ղեկավար, դիզայներ Արամ Նիկոլյանին, հայտնում է Aysor.am-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Աղբյուրը պարզաբանել է, որ պահանջը գալիս է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակից։
Արամ Նիկոլյանն ապրիլի 14-ին Երևանում Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ այրել էր Ադրբեջանի դրոշը՝ խլելով այն դրոշակակրի ձեռքից։ Դրանից հետո Նիկոլյանը բերման էր ենթարկվել Երևանի Մալաթիայի ոստիկանության բաժին։ Ավելի ուշ նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարել էր դիզայների ազատ արձակման մասին։
Այսօր նաև հայտնի դարձավ, որ ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Եվրոպայի առաջնությանը և վերադառնում են Բաքու՝ հոգեբանական ճնշման պատճառով։
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա ապրիլի 15-23-ը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ավելի վաղ Armenia Today-ին հայտնել էր, որ մրցաշարին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ադրբեջանական պատվիրակությունը՝ բաղկացած 12 հոգուց, որոնցից 4-ը մարզիկներ են։