Երևանում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան 45 կգ և 49 կգ քաշային կանայք:
45 կգ քաշային կարգում պոկում և հրում վարժություններում համապատասխանաբար 72 կգ և 90 կգ արդյունքով առաջին տեղում թրքուհի Չանսու Բեկթաշն էր: Նա երկամարտում գրանցեց 162 կգ արդյունք:
Նույն քաշային կարգում երկրորդը Ռումինիայից Կոսմինա Պանան էր (երկամարտ` 153 կգ), իսկ եռյակի վերջում` իսպանացի Մարթա Գարսիան (երկամարտ` 153 կգ):
Մրցումային առաջին օրը մեդալների համար պայքարի դուրս եկան նաև 49 կգ քաշային կանայք:
49 կգ քաշային կարգում Եվրոպայի նոր ռեկորդով ոսկե մեդալակիր դարձավ Ռումինիայի ներկայացուցիչ Վալենտինա Կամբեյը, ով երկամարտում գրանցեց 195 կգ արդյունք: Երկրորդը երկամարտի 183 կգ արդյունքով իտալացի Զուլիա Իմպերիոն է, իսկ եռյակի վերջում Ուկրաինայից Անհելինա Լոմաչիսկան է` երկամարտի 176 կգ արդյունքով: