«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրի-Երևան երթուղով երթևեկող էլեկտրագնացքը բախվել է երկաթուղային գծերը չպարզված կարգով հատող FAW մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով տուժել են բեռնատարի վարորդը և ուղևորը, ինչպես նաև ՀԿԵ-ի ուղևորը: Այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից:
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 15-ին` ժամը 19.00-ի սահմաններում:
Նշվում է, որ Քարակերտ-Դալարիկ հատվածի չհսկվող անցումում տեղի ունեցած բախման հետևանքով էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից և զգալի վնաս է հասցվել ընկերությանը, որի չափը դեռ պետք է գնահատվի։
Երթևեկությունը դադարեցվել է մի քանի ժամով, ինչը հանգեցրել է գնացքների երթևեկության ժամանակացույցի խախտմանը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից հորդորում են ավտոտրանսպորտի վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները երկաթուղային գծերով անցնելիս ՝ քաղաքացիների կյանքը, առողջությունը և գույքը պահպանելու նպատակով: Ընկերությունից նաև հայտնում են, որ քննչական մարմինները վերոնշյալ դեպքի առնչությամբ ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով քրեական գործ են հարուցել: