Ապրիլի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով Արցախի Հանրապետությունն ամբողջապես կհոսանքազրկվի: Այս մասին տեղեկացնում են «Արցախէներգո» ընկերությունից։
«Հոսանքի նախատեսվող անջատումը պայմանավորված է 110 կՎ «Սարսանգ-Ստեփանակերտ» ՕԳ-ում ուժեղ քամու հետևանքով առաջացած վթարները վերացնելու անհրաժեշտությամբ»,- ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: