Սյունիքի մարզի Տեղ համայնքի մշակույթի տանն այսօր ծեծի է ենթարկվել Տեղի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը։ Armenia Today-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ինքը՝ Մասիս Զեյնալյանը։ Նրա խոսքով՝ պատճառն աշխարհազորին համալրվելու մասին հրահանգն է եղել։
«Մելիքսեթ Պողոսյանի (ՊՆ խորհրդական, Սյունիքի նախկին մարզպետ-խմբ․) հրահանագով, ներքին կարգով ու չգիտես որ օրենքով ու հոդվածով, բնակիչներին հավաքել են գյուղի մշակույթի տանը։ Որոշ բնակիչներ, չհասկանալով օրենքն ու այն, որ պարտավոր չեն աշխարհազորին համալրվել, գնացել են մշակույթի տուն։ Ես ասացի, որ դա ցանկությամբ է։ Ասացի, որ չեմ ուզում համալրվել՝ հավելելով, որ եթե անհրաժեշտություն լինի, ինչպես նախկինում, այդ ժամանակ էլ զենքս վերցնելու եմ ու հասնեմ առաջնագիծ։ Ես՝ լինելով 44-օրյա պատերազմի մասնակից, զինվորի ծնող, ուզում եմ հասկանալ, սա՞ է շնորհակալությունը։ Մշակույթի տանն ինձ էս օրն եք գցում, բա՞ առաջնագծում ինչ կանեք։ Կասեք թուրքն է խփել»,-ասաց նա։
Մասիս Զեյնալյանը նշեց, որ ինչպես նախկինում, հիմա էլ հանդես է գալիս աշխարհազորը վերացնելու պահանջով։
«Աշխարհազորում իրենց բարեկամներին են զինում։ Այնտեղ աշխատում են չծառայած մարդիկ, որոնք զենքին չեն տիրապետում։ Երկու օր առաջ էլ մեկ ուրիշի «չանեն» են ջարդել, հիմա Երևանում է՝ հիվանդանոցում։ Ծեծել են համայնքի ղեկավարը, իր եղբայրը, իր «մաֆիան»։ Զենքը միայն իրենց «մաֆիայի» ձեռքին է»,-ասաց նա։
Ավագանու անդամը հայտնեց, որ դեռ ոստիկանություն ու հիվանդանոց չի դիմել։ Այս պահի դրությամբ դիմել է ՊՆ, կառավարություն, մարզպետարան։
«Եթե արձագանք չեղավ՝ սրանից բեթար պատասխան են ստանալու։ Երբ ինձ ծեծում էին՝ համայնքի ղեկավարը (Դավիթ Ղուլունց-խմբ․) նստած նայում էր, սա իր հրահանգածն է, Մելոյի (Մելիքսեթ Պողոսյան-խմբ․), իր դատախազ որդու հրահանգածն է»,-ասաց նա։
Զեյնալյանը հայտնեց, որ երկուշաբթի օրվանից այլ հանգամանքների մասին է բարձրաձայնելու։
«Չգիտես՝ թուրքի հետ պայքարես, թե իրենց նման թուրքի հետ պայքարես»,-եզրափակեց Զեյնալյանը։