Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գան և պատասխանեն իրենց հարցերին, հայտնել է զինծառայողների ծնողների ներակայացուցիչ Նորայր Նորիկյանը։
«Ծնողները պահանջում են բացատրություններ իրենց որդիների զոհվելու դեպքի կապակցությամբ, կամ կոնկրետ օր ու ժամ ասեն, թե ե՞րբ կընդունեն իրենց՝ նույն հարցերին պատասխանելու համար․․․»,-նշել է Նորիկյանը։
Զոհվածների հարազատներից մեկը նշել է, որ գերատեսչությունները խաբում են իրենց՝ տարբեր պատճառաբանություններ բերելով։ «Մենք էլ սպասելու տեղ չունենք, տեսնում ենք էս փնթի կառավարության աշխատանքը, դրա համար գնացել ենք այս քայլին»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտնել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։