Իսրայելի Հայֆա քաղաքում մեկնարկած Սամբոյի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը հայ սամբիստները լավ սկսեցին մրցելույթները և նվաճեցին առաջին մեդալները, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
Մարզական սամբոյի 64 կգ և 79 կգ քաշային կարգերում բրոնզե մեդալների արժանացան, համապատասխանաբար՝ Նարեկ Դալլաքյանը և Բորիս Շատվերյանը, մարտական սամբոյի՝ 58 կգ կարգում՝ Մխիթար Մխիթարյանը:
98 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Խանջյանը, պարզապես գերազանց ելույթներ ունեցավ, հայտնում են մարզական կազմակերպությունից։
«Մեր մարզիկը նախ հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Չեռնոսկուլովին, ապա՝ ադրբեջանցի Ջավադզադեին, իսկ եզրափակչում՝ Վրաստանի ներկայացուցիչ Դավիդի Լոռիաշվիլուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև ապրիլի 23-ը: Վաղը ասպարեզ կմտնեն մարզական սամբոյից Տիգրան Կիրակոսյանը (58կգ), Արամ Աղաջանյանը (71 կգ), Վահագն Չալյանը (88կգ), Նորիկ Խուրշուդյանը (+98կգ), կանանց մրցապայքարում՝ Վարսիկ Գրիգորյանը (54 կգ) և մարտական սամբոն ներկայացնող Արման Ավանեսյանը (98 կգ):