Սուդանի մայրաքաղաք Խարտումում զարգացումների հետևանքով հայեր չեն տուժել։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը` անդրադառնալով հարցին, թե Սուդանում ռազմական գործողությունների հետևանքով հայերի շրջանում տուժածներ կա՞ն, թե՞ ոչ:
Նա հայտնեց, որ Խարտումում գտնվող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին նույնպես չի վնասվել: Եկեղեցին գտնվում է Խարտումի ռազմական գործողություններից երկու կիլոմետր հեռավորության վրա։
«Սուդանում աշխատող մի քանի ՀՀ քաղաքացիների կյանքին նույնպես վտանգ չի սպառնում»,- հավելեց ԱԳՆ խոսնակը:
Անի Բադալյանն ընդգծեց նաև, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը մշտապես կապի մեջ է Սուդանում բնակվող փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ավելի վաղ Al-Jazeera-ն հայտնել էր, որ Սուդանում զինված բախումների ժամանակ զոհված խաղաղ բնակիչների թիվը, վերջին տվյալներով, հասել է գրեթե 200-ի, տուժածների թիվն անցել է հազարից:
Սուդանի արագ արձագանքման ուժերի և կանոնավոր բանակի միջև բախումներն սկսվել են ապրիլի 15-ին այն բանից հետո, երբ արագ արձագանքման ուժերն իր ստորաբաժանումները տեղակայել են երկրի հյուսիսում գտնվող Մերոե քաղաքում: Հատուկջոկատայինները զինվորականներին մեղադրում են իրենց բազայի վրա հարձակվելու մեջ, իսկ բանակում պնդում են, որ արագ արձագանքման ուժերն առաջինն են հարձակվել։ Բացի այդ, զորքերը հերքում են հայտարարություններն այն մասին, որ արագ արձագանքման ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել նախագահական պալատը և Խարտումի միջազգային օդանավակայանը: