Հայաստանում մեկնարկել են «Մանյունյա. ամանորյա արկածներ» կատակերգության նկարահանումները, հաղորդում է Gazeta.Ru-ն՝ նախագծի հեղինակներին հղումով։ Սյուժեն հիմնված է գրող Նարինե Աբգարյանի չհրապարակված պատմության վրա, որը նախկինում չի ընդգրկվել Մանյունյայի մասին ամենավաճառվող գրքերում, պարզաբանել է հրատարակությունը։
«Ես նորից հավատացի, որ երազանքներն իրականանում են։ Թող դրանք իրականանան նաև ձեզ համար: Թող Մանյունյայի մասին նոր ֆիլմը ձեզ բերի այն ուրախության և խաղաղության վիճակին, որը մեզ այդքան պակասում է առօրյա կյանքում»,- նկարահանումների իր տպավորություններով կիսվել է գրքի և սցենարի հեղինակը։
Նույն թիմը, որը ստեղծել է սերիալը, կսկսի աշխատել նոր ֆիլմի վրա։ Ռեժիսորի աթոռը կրկին կզբաղեցնի Արման Մարությանը, նախկին դերասանները կվերադառնան իրենց դերերին, ավելացրել է հրատարակությունը։
Ռուս ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն ավելի վաղ հայտարարել էր գրող Նարինե Աբգարյանի «Մանյունյա» բեսթսելլերի հիման վրա ֆիլմի նկարահանումները մարտի 8-ին մեկնարկելու մասին։ Նա պարզաբանել էր, որ նկարահանման գործընթացը կտևի մինչև ապրիլի սկիզբ, «մինչ սարերում ձյուն է տեղում», իսկ պրեմիերան, ըստ ռեժիսորի, նախատեսվում է անցկացնել մինչև 2023 թվականի վերջ։ «Մանյունյային ամանորյա արկած է սպասվում: Բուն արկածի մանրամասներին կծանոթանաք քիչ ուշ»,- գրել էր նա։
Նարինե Աբգարյանի «Մանյունյա» ինքնակենսագրական պատմվածքը Ռուսաստանում դարձավ բեսթսելլեր և թարգմանվեց մի քանի լեզուներով։ Վեպն արժանացել է նաև հեղինակավոր մրցանակների՝ Աբգարյանը ստացել է «Տարվա ձեռագիր» մրցանակը և առաջադրվել հեղինակավոր «Մեծ գիրք» գրական մրցանակի։