Արցախի ՆԳՆ-ից հերքել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե այսօր` ապրիլի 21-ին, հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ ռազմամթերք է տեղափոխվել։
Նշվում է, որ այդ տեղաշարժը հումանիտար նպատակներով ներքին բեռնափոխադրման դեպք է, ընդ որում՝ նկարահանված ավելի վաղ ժամանակահատվածում: Ավելին, նրանց կողմից հրապարակված տեսանյութում երևում է ջրատար մեքենա, որով, հաստատ, հնարավոր չէ զենք տեղափոխել:
«Այսպիսով, հումանիտար բեռների փոխադրումները և ներքին տեղաշարժերն Ադրբեջանը, մոլորեցնելով միջազգային հանրությանը, ներկայացնում է իբրև թե ռազմական տեխնիկայի ու զինամթերքի տեղափոխում: Մյուս կողմից, գրեթե ամեն օր խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացում անգամ Արցախի քաղաքացիական անձանց ուղղությամբ՝ դադարեցնելով գյուղատնտեսական աշխատանքները»,-նշվում է հաղորդագրության մեջ։
ՆԳ նախարարությունը իրազեկում է, որ Հայաստանից դեպի Արցախ միջպետական միակ ճանապարհը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակ է Ադրբեջանի կողմից։ Այդ ճանապարհով ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից իրականացվում է մարդկանց և բեռների խիստ սահմանափակ տեղաշարժ՝ բացառապես հումանիտար նպատակներով: