Ադրբեջանի ՊՆ հայտարարությունն այն մասին, թե իբր այսօր Շուշիի շրջանում ադրբեջանական բանակի ռազմական բեռնատար է պայթել հայկական կողմի հատուկ տեղադրած ականների վրա, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը, հայտարարել են Արցախի ԱԳՆ-ում:
Նշվում է, որ այս հայտարարությանը նախորդել էր ապատեղեկատվություն պարունակող մեկ այլ հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում էր, թե իբր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ ռազմամթերք է տեղափոխվել:
«Վերոնշյալ հայտարարությունների բովանդակային հաջորդականությունը հստակ ընդգծում է Ադրբեջանի կողմից վարվող կեղծ տեղեկատվական արշավի նպատակը. այն է՝ հող նախապատրաստել Արցախի Հանրապետության դեմ հնարավոր սադրանքների համար»,-նշել են Արցախի ԱԳՆ-ում։
Այսօր ավելի վաղ Բաքուն Շուշիի շրջանում բեռնատարի պայթյունի և իր 3 զինվորի վիրավորելու մասին էր հայտնել։