Դիմում ենք 2020 թվականի եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։ Այս մասին հայտարարություն են ընդունել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի բոլոր անդամները։
«Ակնկալում ենք ամենակարճ ժամկետում գործուն քայլեր Արցախի ժողովրդի առջև ծագած անվտանգային և հումանիտար հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, որոնց բացակայությունը թույլ կտա Արցախի իշխանություններին ու ժողովրդին որոշելու իրենց հետագա անելիքները»,-հայտարարությունը մեջբերելով՝ իր Facebook-յան էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
Արցախի ԱԽ-ն բացարձակորեն անընդունելի է համարում Արցախը Հայաստանի հետ կապող՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում գտնվող Լաչինի միջանցքի արգելափակումը և ապրիլի 23-ին այնտեղ անցակետի տեղադրումն Ադրբեջանի կողմից։ ԱՀ ԱԽ-ն արձանագրել է, որ այդ քայլով Արցախի ժողովուրդը վերջնականապես դարձել է պատանդ Ադրբեջանի ձեռքում՝ էթնիկ զտման աճող ռիսկով, իսկ Եռակողմ հայտարարության հետագա գործունեությունը լրջորեն վտանգված է։
Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում:
Ադրբեջանն այսօր հայտնել է Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու մասին։
Ավելի վաղ Բաքուն Շուշիի շրջանում բեռնատարի պայթյունի և իր 3 զինվորի վիրավորելու մասին էր հայտնել։ Ավելի ուշ Արցախի ԱԳՆ-ն հերքել է ական տեղադրելու մասին Բաքվի հայտարարությունը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: