Իշխանությունը Կապանի օդանավակայանի թռիչքների փորձարկման կադրեր է շրջանառում` փորձելով ցույց տալ, թե կարևորում է Սյունիքի զարգացումն այն դեպքում, երբ թռիչքուղին, ինչպես նաև հարակից հանրապետական նշանակության ճանապարհը, հակառակորդի դիրքերից ընդամենը 100-200 մետր է հեռու, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորը հիշեցրել է, որ օդանավակայանը վերանորոգվել է մինչև 2018 թվականին։ «Երբ Կապանի օդանավակայանի գործարկման մասին դեռ նոր էր քննարկումներ ընթանում, այն թշնամուց ուղիղ գծով հեռու էր շուրջ 100 կմ-ով, իսկ հիմա նույն օդանավակայանը, նրա թռիչքուղին, հարակից հանրապետական նշանակության ճանապարհը սովորական ավտոմատի նշանառության դաշտում են` 100-200 մետրի վրա»,- գրել է նա:
Ապրիլի 26-ին Կապանի «Սյունիք» օդանավակայանում վայրէջք է կատարել L-410-UVP E20 մարդատար ինքնաթիռը։ Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը Երևանից Կապան առաջին չվերթը բոլոր թեստերի հաջող ավարտի ցուցիչ է անվանել։ Նա ասել է, որ Հայաստանի իշխանություններն աշխատում են Երևանից Կապան կանոնավոր ներքին չվերթերի կազմակերպման ուղղությամբ։