Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը հայտարարել է Սուդանից 7 ՀՀ քաղաքացիների Կահիրե ժամանման մասին։ «Սուդանում գտնվող Հայաստանի յոթ քաղաքացիներ այս պահին գտնվում են Կահիրեում և վաղը կմեկնեն Հայաստան»,- տեղեկացնում են դիվանագիտական ներկայացուցչությունից։
Ապրիլի 20-ին Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Սուդանում զինված բախումների հետևանքով զոհվածների թվում հայեր չկան, Սուդանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին նույնպես չի տուժել։ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հավելել է, որ նախարարությունը մշտական կապի մեջ է Սուդանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Խարտումում և Սուդանի մի շարք այլ քաղաքներում ապրիլի 15-ի առավոտյան զինված բախումներ են տեղի ունեցել բանակի և արագ արձագանքման ուժերի միջև։ Ռազմական անվտանգության բարեփոխման շուրջ տարաձայնությունները, որոնք նախատեսում են RRF-ի ամբողջական ինտեգրումը զինված ուժերին, հանգեցրին երկու անվտանգության գերատեսչությունների միջև կոնֆլիկտի: