Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն անընդունելի է անվանել Արցախի պատմության կեղծումը և նրա հայկական ժառանգության «ալբանականացումը»:
«Ադրբեջանը փորձում է հայ հոգեւորականներին վտարել Քարվաճառի շրջանի Դադիվանք համալիրից։ Արցախի պատմության կեղծումը և նրա հայկական մշակութային և կրոնական ժառանգության «ալբանականացումը» անընդունելի են: Կոչ ենք անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին քայլեր ձեռնարկել՝ առաքելություն ուղարկելով Արցախ»,- գրել է նա Twitter-ում։
Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին մայիսի 2-ին ասել է, որ հայ վանականները պետք է լքեն Դադիվանքը։ Գուրբանլին հայտարարել է, որ հայերը «ոչ մի կապ չունեն» այս վանքի հետ։ «Այն պատկանում է կովկասյան Ալբանիային, և վաղ թե ուշ այն կկառավարվի ալբանա-ուդիական կրոնական համայնքի կողմից»,- մանրամասնել է նա։
Դադիվանքը (Սուրբ Դադիի վանք) կամ Խութավանքը («վանքը բլրի վրա») 9-13-րդ դարերի հայկական վանք է, միջնադարյան Հայաստանի խոշորագույն ճարտարապետական համալիրներից մեկը, որի առաջին հիշատակումը վերաբերում է 9-րդ դարին։ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի գործող վանքն է։ Տաճարը գտնվում է պատմական Արցախի Վերին Խաչեն շրջանում՝ Թարթառ գետի ափին։ 2007 թվականի հուլիսին Դադիվանքում պեղումներ են իրականացվել, որի արդյունքում զոհասեղանի մոտ գտնվել են սուրբ Դադիի մասունքները։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո վանքը հայտնվել է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։ Հայ ուխտավորները տաճար են այցելում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։