Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը խաղաղության պայմանագրի տեքստում ներառելու ցանկացած փորձ անարդյունավետ է, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Հուսով եմ, որ Վաշինգտոնում բանակցությունները կտան, եթե ոչ արդյունք, ապա գոնե տեսանելի առաջընթաց»,- ասել է Ալիևը Շուշիում «Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականության ձևավորումը. անցյալից ներկա և ապագա» չորրորդ միջազգային համաժողովում։
Նա հայտարարեց, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է կարգավորել հարաբերությունները, ինչը բխում է ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի շահերից։
Ալիևն ասել է, որ Բաքուն խաղաղության պայմանագրի նախագծի չորս տարբերակ է ուղարկել, Բաքուն «ավելի քան 40 օր» սպասում էր Երևանի պատասխանին իր վերջին առաջարկներին և «ստացել էր մեկ շաբաթ առաջ Վաշինգտոնի հանդիպումից առաջ»։ Նրա խոսքով՝ այս պատասխանում ադրբեջանական կողմը «կրկին ու կրկին տարածքային պահանջներ է տեսել Ադրբեջանի նկատմամբ»։
Նրա խոսքով, եթե Հայաստանը կառուցողական մոտեցում չցուցաբերի, ապա Բաքվի և Երևանի միջև խաղաղություն և փոխգործակցություն չի լինի, և այս դեպքում Հայաստանը պետք է տեղ փնտրի «նոր աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի մեջ, քանի որ ողջ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում»։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր։
Միրզոյանը ապրիլի 30-ին աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն։ Հայաստանի արտգործնախարարությունը նշել էր, որ այնտեղ նա բանակցություններ է վարելու իր ադրբեջանցի գործընկերոջ հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ։