Այսօր Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ խոսեց հայրենասիրության մոդելի մասին: «Հայաստան» խմբակցությունից Թադևոս Ավետիսյանը նկատեց, որ Նեմեսիսի հուշարձանի կառուցումից հետո Թուրքիայի կողմից փակվում է օդային ճանապարհը կամ, պատկերավոր ասված, իրենց բարեգութության օղակը: Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ միայն արևմտյան ուղղությունից չէ, որ արձանների հետ կապված հարցեր են ստանում:
«Մենք պետք է հասկանանք, որ մենք ռազմավարական ընտրության առաջ ենք կանգնած: Դուք ասում եք՝ ուշացած էր այդ արձանը, սակայն եթե, օրինակ, նման արձան ՀՀ-ում չլիներ, ինչո՞վ կտուժեինք և ինչո՞վ կշահեինք»,- ասաց նա և խոսեց այդ արձանի տեղադրման դրդապատճառների մասին:
«Մենք բոլորս առաջնորդվում ենք մի տրամաբանության մեջ. այնպես անենք, որ մեզ հանկարծ չասեն, որ մենք դավաճան ենք, բայց մենք, իրականում, մեր երկրի պետական և ազգային շահերը դավաճանում ենք, բայց կարևորը մենք ալիբի ունենանք, որ մենք դավաճանություն չենք արել, բայց որ խորքային ռազմավարական դավաճանություն ենք անում, դրա մասին ոչ մեկ չի խոսում»,-ասաց վարչապետը:
Ի պատասխան՝ Թադևոս Ավետիսյանը նշեց, որ ինքնիշխան պետության տեսանկյունից չի հասկանում այս մոտեցումը: «Այսինքն, եթե մենք անընդհատ պետք է զիջենք, որ ինչ-որ տնտեսական օգուտներ ենթադրաբար ստանանք, այսպիսի պարագայում ստացվում է Ջեմալ Փաշայի արձանը կառուցենք, թող Թուրքիան մեզ տա արտոնյալ առևտրային ռեժիմ: Այսինքն՝ մենք զիջենք ինքնիշխանություն, զիջենք մեր ազգային շահը, որ կարճաժամկետ ենթադրենք Թուրքիայից երկու կոպեկ ապրանք բերենք ու մի քանի մարդ շահույթ կամ գերշահույթ ստանա, սա չի կարող լինել զարգացման օրակարգ»,-ասաց նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ մեր երկրում թագավորների արձաններ չկան, մեր երկրում նույնիսկ արքաների անունով փողոցները շատ քիչ են:
«Մեր պատմության մեջ արձանագրված է հստակ և դա ճշմարտություն է, որ Հայոց գրերը ստեղծել են Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը, սա բոլոր երեխաները գիտեն, բայց ամբողջ ճշմարտությունը չէ. այն, որ Վռամշապուհ արքան հրավիրեց և պետության անունից խնդիր դրվեց, դա մի քիչ կողք է դրվել, որովհետև դա հայրենասիրության մոդել ստեղծողների մոտ ձեռնտու հատված չէր, դրա համար դրա վրա շեշտ չի դրվել»,- ասաց նա և նշեց, որ երբ Ամիրյան փողոցը փոխվել է Վռամշապուհի անունով՝ կենտրոնի բնակչության կողմից չի ընդունվել և կրկին վերափոխվել է Ամիրյան:
«Հայաստանը կամ երբեք չի առաջնորդվել կամ հիմնականում չի առաջնորդվել տնտեսական շահով, մենք էմոցիոնալ շահով ենք առաջնորդվել, բայց, կարծում եմ, եկել է ժամանակը, որ մենք էմոցիոնալ ժողովրդից վերածվենք պետական ժողովրդի, դա հեշտ ճանապարհ չէ: Սա խաչմերուկային հարց է, մենք ինչ-որ ճանապարհային նշանի տակ կանգնած ենք, թե ոնց կշարունակենք․ դրանից կախված է՝ մենք պետություն կունենանք, թե ոչ: Ես որևէ կասկած չունեմ, որ մենք ազգ ունեցել ենք, ունենք ու հավիտյանս կունենանք, ճակատագիրը այնպես է բաշխել մեզ, որ պետք է երկրագունդը չլինի, որ հայ ազգը չլինի, բայց հարցն այն է, թե մենք պետություն կունենա՞նք, թե՞ ոչ, մենք ժողովուրդ կլինե՞նք, թե՞ ոչ»,-ասաց նա:
Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում հիմնավորել Արցախի բանակցային գործընթացի մասին ասածներս․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է ՀՀ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ...