Նման հին ու զգայուն հակամարտությունների լուծումը, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի հարցն է, առանց «գետնի վրա» առկա խնդիրների չի կարող ընթանալ։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։
«Երկխոսության միջոցով պետք է առաջ շարժվել չորս հիմնական ուղղություններով՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով երկխոսություն, երկու երկրների միջև սահմանի դելիմիտացիա և հասարակական ու խորհրդարանական ուղղություններով կապերի հաստատում»,-ընդգծել է նա:
Գալուզինը հավելել է, որ այս բոլոր ուղղություններով Ռուսաստանն այս տարիների ընթացքում փորձել է կոնկրետ գործնական ջանքեր գործադրել, դրանցից յուրաքանչյուրի համար լուրջ ներուժ և հիմքեր են մշակվել հետագա առաջխաղացման համար: Նա հիշեցրել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ ժամանակին հաջողվել է մարել թեժ հակամարտությունը։
Գալուզինն ապրիլի 25-ին Երևանում խորհրդակցություններ է անցկացրել գործընկերներ Վահե Գեւորգյանի և Մնացական Սաֆարյանի հետ: Այդ օրը նա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային անվտանգության ապահովումը: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տիրող իրավիճակին: