Տարիներ առաջ ո՞վ կմտածեր, թե Գեղարքունիքի մարզում վարունգ, բրոկոլի կամ բրյուսելյան կաղամբ կաճի: Իսկ ինչպե՞ս աճեցնել էկոլոգիապես մաքուր սնունդ՝ չաղտոտելով հայկական «ծովը»՝ Սևանը: Այս դժվարին խնդիրը լուծել է մեր տեսանյութի հերոսը՝ Ագրարային համալսարանի մագիստրանտ Պարգև Ղարիբյանը:
Սևանի էկոհամակարգի խախտումն ու լճի «ծաղկման» խնդիրը
Սևանա լիճն ապրիլի 20-ին (երբ կատարեցինք նկարահանման աշխատանքները) մաքուր էր, գրեթե՝ թափանցիկ: Բայց շոգն ընկնելուն պես ջրի էկոհամակարգը խախտվում է, լիճը՝ կանաչում։ Բուն պատճառը դեռևս հայտնի չէ. բնապահպանները նշում են երևույթի մի շարք պատճառներ: Դրանց թվում է սինթետիկ նյութերով՝ ազոտով ու ֆոսֆորով, շրջակա մշակովի հողատարածքները պարարտացնելը:
«EU4Sevan» ծրագրի մարզային խորհրդատու Վարազդատ Սարգսյանի խոսքով՝ եթե հնչում է մեկ տեսակետ, ապա առնվազն 10 այլ կարծիք է հնչում, թե խնդիրն այլ տեղից է գալիս։
«Այսօր չկա նույնիսկ միասնական մոտեցում, թե ո՞րն է մեր խնդիրն ու ի՞նչ պետք է լուծենք»,- Armenia Today-ի հետ զրույցում ասում է նա։ Իսկ Կայուն հողօգտագործման խորհրդատու Հովիկ Սայադյանը նշում է՝ թվում է, թե բոլորը գիտեն խնդրի մասին, սակայն իրականում պատկերն այլ է։
«Եթե զրուցեք հասարակ գյուղացիների, տեղացիների հետ, կզգաք, որ շատ-շատերը նույնիսկ իրենց առօրեական գործողությունների հետևանքները չեն պատկերացնում»,- նշում է նա։
Իշխանությունները տեղյակ են խնդրին, սակայն լուծումները փնտրում են մասնավոր նախաձեռնությունների միջոցով՝ հաշվի առնելով միջազգային փորձը:
EU4Sevan ծրագրի հատկացումներն ու օրգանական հողաբարելավիչները
Խնդրի լուծմանը ձեռնամուխ է եղել նաև Պարգև Ղարիբյանը: Սկզբում դա ընդամենը գիտական աշխատանք էր, իսկ հետո Պարգևին հաջողվեց իր գաղափարները կյանքի կոչել դրամաշնորհի միջոցով։ EU4Sevan ծրագիրը Եվրոպական միության ու Գերմանիայի տնտեսական համագոծակցության և զարգացման նախարարության աջակցությամբ 2020 թվականին մեկնարկած քառամյա ծրագիր է: Այն ուղղված է Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանությանը:
«ԵՄ-ն Սևանի համար» ծրագրին ընդհանուր առմամբ հատկացվել է 5,2 միլիոն եվրո, որից «Կայուն հողօգտագործման բաղադրիչին», որից օգտվում է Պարգևը, 300 000 եվրո:
«Ինչքան էլ հետազոտություններ անեինք, հոդվածներ գրեինք կամ դիպլոմային, դա ուղղակի կմնար թղթի վրա և մի անկյունում կդրվեր, իսկ ծրագիրը մեզ հնարավորություն տվեց, որ գործնականում տեխնոլոգիան կիրառենք»,- պատմում է նա։
Մեր հերոսը բացատրում է՝ Սևանի ավազանում գյուղատնտեսական համակարգերը սխալ են գործում: Եվ խնդիրը հենց ազոտական պարարտանյութերի ավելցուկն է, որը թափվելով Սևան՝ խախտում է լճի բնական էկոհամակարգն ու առաջացնում ջրիմուռների քանակի ավելացում:
«Մենք որոշեցինք Սևանի ավազանի պայմաններում փորձարկել հողաբարելավիչների կիրառման տեխնոլոգիան, որն իրենից ենթադրում է օրգանական պարարտանյութերի և բնական հանքային հողաբարելավիչների համադրություն»,- պարզաբանում է նա։ Տեխնոլոգիայի մասին Կայուն հողօգտագործման խոհրդատուն ասում է՝ բույսերին հնարավոր է մատչելի քանակությամբ ազոտ ու ֆոսֆոր տալ, այսինքն՝ այնպիսի քանակությամբ, որ բույսն այն կարողանա յուրացնել։ Ստացվում է՝ եթե չկա ազոտի ու ֆոսֆորի ավելցուկ, ինչպես հանքային պարարտանյութերի դեպքում է, ապա դրանք գրունտային ջրերի միջոցով ի վերջո չեն հայտնվի Սևանա լճի մեջ։
Ջրի խնայողություն՝ հողաբարելավիչների շնորհիվ
Մասնագետների խոսքով՝ բնական բարելավիչներն ունեն հողի ավելորդ խոնավությունը կլանելու և չորային սեզոնին այդ հեղուկը բույսերին տալու հատկություն, ինչի շնորհիվ հողը մշտապես հագեցած է ջրով և օրինակ՝ սեզոնին կարտոֆիլը 6 անգամ ոռոգելու փոխարեն կարելի է դա անել 4 անգամ, ինչն էլ բերում է ջրի խնայողության:
Պարգևի խոսքով՝ ջրատարների ոչ բարվոք վիճակը հաշվի առնելով կարելի է ասել, որ մեկ հեկտար շարահերկ բույսը ջրելու համար հարկավոր է 600-ից ավել խորանարդ մետր ջուր։
«Եթե մենք կարողանում ենք վեգետացիայի ընթացքում մեկ հեկտարի հաշվով 2 ջրում քիչ անել, կարողանում ենք 1200-ից ավել խորանարդ մետր ջուր խնայել։ Իսկ եթե հաշվի առնենք, որ Սևանի ավազանն ունի մոտ 38-40 հազար հեկտար ոռոգելի երկրագործական գոտի, ապա եթե տեխնոլոգիան իր ամբողջ ներուժով կիրառվի, ամեն տարի մոտ 50 միլիոն խորանարդ մետր ջուր կկարողանանք խնայել»,- շեշտում է ֆերմերը։
Ծրագրի մարզային փորձագետ Սարգսյանն իր հերթին նշում է՝ 32 հազար հեկտար հողատարծքից միայն 22,5 հեկտարի սեփականատերերն են անցել նորարական տեխնոլոգիայի կիրառմանը: Այսինքն՝ հողերի 1 տոկոսն է օրգանիկ մշակում անում: Եթե բոլորն անցնեն այս մեթոդին, ապա կխնայվի մոտավորապես 38,5 միլիոն խորանարդ մետր ջուր, որը Սևանա լճի բարձրության 3 սմ-ն է:
«Մարդկանց 5-7 տոկոսն է նորարար։ Եթե գործարարը հաշվում է և հասկանում, թե ինչ տեխնոլոգիա կիրառի, որ ավելի էժան մեծ արդյունք ստանա, ապա ցավոք սրտի՝ այսօր մարզում և երևի թե հանրապետությունում գոյություն ունեցող փոքր ֆերմերների մեծ մասն այդ հաշվարկներին չի տիրապետում»,- ասում է Սարգսյանը։
Պարգևն էլ պատմում է՝ շատ ֆերմերներ չգիտեն՝ ինչ է օրգանական պարարտանյութն, ու առաջին հարցը, որ տալիս են՝ պարսկակա՞ն է, թե՞ վրացական։ Պատասխանում է՝ ո՛չ պարսկական է, ո՛չ էլ վրացական, նորարարական է՝ հայկական: Տեխնոլոգիայի համար անգամ Հայաստանից դուրս գալ պետք չէ, հանքանյութերի բաղադրիչները ցեոլիտն ու բենտոնիտը Հայաստանում հնարավոր է ձեռք բերել անմիջապես հանքավայրից:
Թեև հումքն առաջին հայացքից թանկ է թվում, սակայն վերջնարդյունքում ավանդական պարատանյութից էժան է կազմում, պատմում է Պարգևը: Ասում է՝ մեկ հեկտարի համար աջակցության ամբողջական փաթեթը կազմել է մոտավորապես 7-8 հարյուր հազար ՀՀ դրամ:
«Բնական հանքային հումքատեսակներից բենտոնիտի հանքավայրն Իջևանում է, իսկ ցեոլիտինը՝ Նոյեմբերյանի Այրումում»,- ասում է նա։ Պարգևի տեխնոլոգիան կիրառող Սարուխան գյուղի բնակիչ Վահան Գևորգյանը, որը նույնպես ծրագրի շահառու է, համոզված է, որ չկա մի հողագործ, որն արդյունք տեսնի ու աշխատանքից կամ գներից վախենա։
«Փորձեր շատ եմ դրել, բայց երբեք չեմ մտածել ու նույնիսկ մտքովս չի անեցել, որ ցեոլիտն ու բենտոնիտն էլ կարելի է կիրառել»,- ասում է նա։
Էկոլոգիապես մաքուր գյուղմթերքը և շուկայում դրա արժեքը
Տեխնոլոգիայի կիրառումը, ֆերմերների խոսքով, հնարավորություն է տալիս էկոլոգիապես մաքուր, որակյալ ու գեղեցիկ արտադրանք ստանալ: Շուկայում, թեև մթերքը դեռ չի անցել օրգանական մակնշում ստանալու ընթացակարգ, այն ավելի թանկ արժե, քանի որ շահավետ առանձնանում է նույնատեսակ մթերքից:
Այժմ գործընկեր ՀԿ-ները նույնիսկ մթերում են այդ բանջարեղենն ու հանում երևանյան շուկա:
Բերքը վաճառվում է բավարար, սակայն ոչ թանկ գնով: Ֆերմերներն ասում են՝ Հայաստում չի ձևավորվել օրգանական սնունդ կիրառելու մշակույթը: Գնորդի աչքը սովոր է էժանը փնտրելուն: Ինչ փույթ, թե ձեռք բերված կաղամբը գերազանցում է թունաքիմիկատների թույլատրելի սահմանաչափերը: Սարուխանցի ֆերմերը նշում է՝ միայն բերքը չէ, որ ավելանում է, բարելավվում է նաև ապրանքային տեսքը։
Գեղարքունիքի բերքի փառատոն Երևանում
EU4Sevan-ը Երևանում անցյալ տարվա օգոստոսին Գեղարքունիքի բերքի փառատոն կազմակերպեց, որտեղ խստաշունչ եղանակային պայմաններով հայտնի լեռնային այս մարզի բնակիչները զարմացրին ոչ ավանդական բանջարեղեններ աճեցնելու հմտությամբ:
Ծրագրի հաղորդակցության, տեսանելիության, մոնիթորինգի և գնահատման մասնագետ Անի Լաթոյանը պատմում է, թե ինչ ոգևորիչ է եղել Երևանում Գեղարքունիքի մարզում աճեցրած ոչ ավանդական բուսատեսակներ ներկայացնելը։
«Մենք Երևանում կարողացանք հասնել Գեղարքունիքի բերքուբարիքին, որն այս պահին շատ բազմազան է, գունագեղ է, համեղ է, օգտակար է։ Շատ ուրախ եմ, որ մեր ֆերմերները գիտակցում են դրա կարևորությունը»,- ասում է նա։
Օրգանական գյուղատնտեսության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ օրգանական, էկոլոգիական և բիոլոգիական մակնշումները մթերքը ստանում է, եթե արտադրվել է օրգանական գյուղատնտեսության ստանդարտով, իսկ երրորդ անկախ կողմը հավաստագրել է այն: «Էկոգլոբ» ընկերության հիմնադիր Նունե Դարբինյանն ասում է՝ ապրանքի արժեքը կախված է շուկայից, օրենքն այն չի սահմանում:
«Ազատ շուկայի պայմաններում շուկան է կարգավորում դրա գինը։ Օրենքը կամ ստանդարտը չի սահմանում՝ ինչքան պետք է արժենա էկոլոգիական կամ բիոարտադրանքը»,- Armenia Today-ին ասում է Դարբինյանը։ Պարգևի խոսքով՝ եթե հնարավոր լինի ստանդարտացնել ու համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին, ապա կարելի է մթերքն արտահանել, արտերկրում արտադրանքը շատ ավելի թանկ կարժենա։
Նորարական տեխնոլոգիա կիրառող ֆերմերները գիտեն՝ իրենց աշխատանքով լուծում են միանգամից մի քանի խնդիր: Օգնում են Սևանի ջրի խնայողությանը, իրենց չափով նպաստում էկոհամակարգի վերականգմանը, ինչն իր հերթին նպաստում է զբոսաշրջության զարգացմանը: Ստանում են մաքուր սնունդ ու նպաստում առողջ ապրելակերպին, ստեղծում են իրենց սեփական գործը, որի շնորհիվ նպաստում են արտագաղթի կրճատմանն ու օտար ափերում աշխատանք փնտրելուն, դադարում ձկնագողությամբ զբաղվել: Համայնքի բնակիչներն այլևս չեն ձգտի մայրաքաղաք, բնակչությունը կապակենտրնացվի: Հիշենք՝ Գեղարքունիքի մի շարք գյուղեր սահմանապահ են:
Պետության օժանդակությունն ու ներգրավվածությունը ծրագրին
Իսկ ինչ է անում պետությունն այս մարդկանց համար: Ո՞րն է նրա դերակատարումը:
Հովիկ Սայադյանի խոսքով՝ պետության դերը հատկապես տեսանելի է ոռոգման ջրի մի մասի սուբսիդավորման ուղղությամբ։ Կայուն հողօգտագործման գործելակերպերի ուղղությամբ համագործակցությունը էկոնոմիկայի նախարարության հետ է, որի աշխատակիցների հետ համատեղ այցելություններ են ունեցել, որպեսզի դաշտային պայմաններում տեսնեն արդյունքները։
«Մենք այժմ սերտորեն համագործակցում ենք հանքային պարարտանյութերի տեղական արտադրության և դրա խթանման ուղղությամբ»,- ասում է նա։ Մարզային խորհրդատուն տեղեկացնում է, որ կան արտադրողներ, սակայն աշխատանքները դրանք ավելի բազմազան դարձնելու և իրազեկման ուղղությամբ են։
Ծրագրի մասնագետները համոզված են, եթե մարդիկ պատրաստ լինեն մշակույթ փոխել և գիտակցեն, որ դա արվում է նաև որպես հայրենասիրության արտահայտման միջոց, ապա անպայման հաջողելու են, որ մեր Սևանը կապույտ մնա:
Արաքսյա Սնխչյան