Երևանը հույս ունի մոտ ապագայում բացել Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը միջազգային երթևեկության և առևտրի համար։ Այս մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ելույթ ունենալով Անկարայում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի երկրների խորհրդարանների նախագահների գագաթնաժողովում։
Սիմոնյանը ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Թուրքիայի կառավարությանն ու ժողովրդին՝ փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ տասնյակ հազարավոր մարդկանց կորստի կապակցությամբ։ Նա նշել է, որ Հայաստանը հիանալի գիտի, թե ինչ է երկրաշարժը և առաջիններից էր, որ արձագանքեց բնական աղետին՝ մարդասիրական օգնություն և փրկարարական խումբ ուղարկելով աղետի գոտի։ Սիմոնյանի խոսքով՝ շատ դրական է, որ մարդասիրական բեռը Հայաստանից Թուրքիա է անցել ցամաքային սահմանով՝ մինչ այդ 30 տարի փակ Մարգարայի կամուրջով:
«Նախորդ տարվանից Հայաստանը և Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել, որի շրջանակում հաջողվել է արձանագրել որոշակի ձեռքբերումներ, բայց և չլուծված խնդիրներն առայժմ շատ են: Հույս ունենք, որ մոտ ապագայում ցամաքային սահմանով հնարավոր կլինի ոչ միայն մարդասիրական բեռներ անցկացնել, այլ այն բացել միջազգային երթևեկության, առևտրի համար»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը:
Սիմոնյանը խոսել է նաև ՍԾՏՀ տարածաշրջանում անվտանգության լուրջ մարտահրավերների մասին։ Նրա խոսքով՝ 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմը, ինչպես նաև Ուկրաինայում շարունակվող պատերազմն աշխարհաքաղաքական լուրջ հետևանքներ ունեն ընդհանուր անվտանգային ճարտարապետության վրա։ Սիմոնյանը նշել է, որ 2021-ին, այնուհետև 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանը հերթական չհրահրված ռազմական ագրեսիան է իրականացրել Հայաստանի արևելյան և հարավ-արևելյան սահմանների երկայնքով՝ ներխուժելով և գրավելով ՀՀ ինքնիշխան տարածքները։
«Այս պահին, արդեն շուրջ 5 ամիս է, Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, արգելափակել է ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի կյանքի միակ ճանապարհը, ինչը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի: Ապրիլի 23-ին Ադրբեջանն անօրինական անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքի սկզբնամասում: Չնայած ադրբեջանական կողմը պնդում է, որ միջանցքը բաց է, այն փաստացի շարունակում է փակ մնալ ազատ երթևեկության համար»,- ասել է նա:
Նա նշել է, որ ճգնաժամն ունեցել է լայն միջազգային արձագանք: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ որոշումներ են կայացրել, որոնք արհամարհվել են պաշտոնական Բաքվի կողմից: Սիմոնյանը նաև հիշեցրել է, որ պատերազմի ավարտից անցել է երկուսուկես տարի, և Ադրբեջանը դեռևս պատանդ է պահում առնվազն 33 ռազմագերիների։
«Հայաստանի դեմ ագրեսիայի կիրառումից ստեղծվող իրավիճակը չի կարող հիմք դառնալ կայուն և տևական խաղաղության համար: Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ վերահաստատել է բարիդրացիական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության սկզբունքները: Մենք տարածքային պահանջներ չունենք մեր հարևանների նկատմամբ և ակնկալում ենք, որ մեր հարևանները նույնպես կառաջնորդվեն այդ սկզբունքով: 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ընդգծել է Սիմոնյանը:
Նա նշել է, որ այս օրերին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ բանակցություններ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների գլխավորած պատվիրակությունների միջև։ Նշելով, որ քննարկման առարկա են տարածաշրջանում անվտանգության իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերը, ԱԺ նախագահը սա դրական պահ է համարել և հաջողություն մաղթել դիվանագետներին։
Սիմոնյանը շեշտել է նաև, որ որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր՝ Հայաստանը կրկին ընդգծում է տրանսպորտային բոլոր միջոցներով դեպի ծով անարգել մուտքի կարևորությունը, ինչպես նաև արժևորում է տարածաշրջանային կապի և կայուն տրանսպորտային համակարգերի զարգացումը: «Հայաստանը պատրաստ է շարունակել հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային օրենսդրության լիարժեք հարգման սկզբունքների հիման վրա»,- ասել է նա:
«Ուղղված է հայկական ինքնության ոչնչացմանը». Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Փաշինյանի արտաքին քաղաքականությունը
Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անհամաձայնությունն ու վրդովմունքն է հայտնել Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող արտաքին քաղաքականությանը և ընդգծել, որ այն ուղղված...