Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում իր երկրորդ մենամարտն է անցկացրել Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը և հաղթանակ տոնել: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Նշվում է, որ 92 կգ քաշայինների 1/8 եզրափակչում Մանասյանը մենամարտել է իրանցի Պուրիա Ամիրիի հետ և երեք ռաունդներում ունենալով բացահայտ առավելություն՝ 5:0 հաշվով հաղթանակ է տարել ու դուրս եկել քառորդ եզրափակիչ: Եվս մեկ հաղթանակ տանելու դեպքում Մանասյանն առնվազն բրոնզե մեդալ կապահովի:
Հաղթանակից հետո Մանասյանը կիսվել է տպավորություններով. «Ուսումնասիրել ենք մրցակցին և հնարավորինս լավ պատրաստվել: Պետք է աշխատեմ սխալներս շտկելու ուղղությամբ և շարժվեմ առաջ: Նպատակս ոսկե մեդալ նվաճելն է»:
Հիշեցնենք, որ Մանասյանն աշխարհի առաջնության մեկնարկում մենամարտել էր Կոնգոյի ներկայացուցիչ Վիլյամ Մբանգիի հետ և ժամանակից շուտ` 2-րդ ռաունդում, առավելության հասել մրցակցի նկատմամբ: Մանասյանը հաղթանակը տոնել էր 2-րդ ռաունդում, որի ընթացքում հասցրել էր 3 անգամ նոկդաունի ենթարկել մրցարկցին, ինչից հետո մրցավարը կանգնեցրել էր մարտը:
Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ռինգ է դուրս եկել նաև Ռուսլան Ասլիկյանը: 54 կգ քաշայինների 1/16 եզրափակչում Ասլիկյանը մենամարտել է վենեսուելացի Ռիվաս Սեխունդոյի հետ և մրցավարների որոշմամբ 0-5 հաշվով պարտություն կրել:
Բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությանը մասնակցում է 11 մարզիկով։ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5), Գուրգեն Մադոյանը (67կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (92+կգ):