Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 14-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում կանցկացնեն, հայտնում է Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունը։
Զեկույցում նշվում է, որ Միշելը շարունակում է սերտ կապ պահպանել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ «առաջ մղելու ԵՄ ջանքերը Հարավային Կովկասում կայունությունն ամրապնդելու և երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար»։
Ղեկավարները պայմանավորվել են կրկին եռակողմ հանդիպում անցկացնել Բրյուսելում 2023 թվականի մայիսի 14-ին։ Նշվում է, որ հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում երկու երկրների ղեկավարները համատեղ հանդիպում կունենան նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։
Ըստ Եվրոպական խորհրդի հաղորդագրության՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նաև պայմանավորվել են «շարունակել եռակողմ հանդիպումները Բրյուսելում այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է՝ տեղում ընթացիկ իրադարձությունները քև Բրյուսելում հանդիպումների մշտական օրակարգային հարցերը քննարկելու նպատակով»:
Նշվում է, որ Շառլ Միշելը նաև մտադրություն է հայտնել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարներին հրավիրել երկրորդ հանդիպման՝ Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերին՝ Գրանադայում։
Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր Բրյուսելում Փաշինյանի և Ալիևի առաջիկա հանդիպման մասին՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաներին։ Ըստ հրապարակման՝ «բանակցությունները, ամենայն հավանականությամբ, կկենտրոնանան Լաչինի միջանցքում անցակետ ստեղծելու Ադրբեջանի որոշման վրա։ Նրանք նաև կկենտրոնանան սահմանների սահմանազատման, գերիների փոխանակման և ականազերծման աշխատանքների վրա»:
Փաշինյանի, Ալիևի և Միշելի նախորդ հանդիպումը Բրյուսելում տեղի էր ունեցել 2022 թվականի օգոստոսի 31-ին։ Նախորդ տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացել էր քառակողմ հանդիպում Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի ղեկավարի և Ադրբեջանի նախագահի միջև։
ՀՀ առաջին և երկրորդ նախագահների ներկայացուցիչներն արձագանքել են Փաշինյանի բանավիճելու առաջարկին
ՀՀ առաջին և երկրորդ նախագահների ներկայացուցիչներն արձագանքել են Արցախի բանակցային գործընթացի հարցով բանավիճելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին։ Այսօր ավելի վաղ...