«Նեմեսիս» գործողության հուշարձանն ապամոնտաժելու որոշում չկա։ Armenia Today-ի հետ զրույցում այս մասին նշել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Լևոն Սարդարյանը՝ պատասխանելով հարցին՝ քաղաքային իշխանությունն արդյոք քննարկում է հուշարձանն ապամոնտաժելու հարցը։
««Նեմեսիս» գործողության մասնակիցների հիշատակի հուշարձանի վերաբերյալ եղել է միայն մեկ որոշում՝ այն կառուցելու որոշումը»,-ասաց խոսնակը։
Դիտարկմանը, այսինքն, մտադի՞ր չեն ապամոնտաժել հուշարձանը, խոսնակը պատասխանեց․ «Այլ որոշում չկա»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական կողմը հուշարձանի տեղադրման հետ կապված նախազգուշացրել է պաշտոնական Երևանին՝ հայտարարելով, որ այս հարցում նոր քայլեր է ձեռնարկելու։
Հիշեցնենք, որ, ըստ թուրքական կողմի, հայկական օդանավերի համար երկրի օդային տարածքը փակելու պատճառը Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցներին նվիրված հուշարձանի բացումն է եղել։
Ապրիլի 29-ին Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել էին Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։
Ապրիլի 25-ին Երևանի Ալեք Մանուկյան փողոցում բացվեց 1915 թվականի Հայոց ցեղասպանության կազմակերպիչների, Օսմանյան կայսրության և Ադրբեջանի ղեկավարների դեմ հաշվեհարդարի գործողություններ իրականացրած «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանը։