Աբովյանի դիահերձարանում զինծառայողների դիերն անարգելու վերաբերյալ բողոքը Վերաքննիչ դատարանը բավարարել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Գարիկ Գալիկյանը:
«2021 թվականին իմ կողմից հաղորդում էր ներկայացվել Աբովյանի դիահերձարանում մեր զինվորների դիերն անարգելու հետ կապված։ Իհարկե, ինչպես մնացած բոլոր նմանատիպ գործերը, այս գործը նույնպես մոռացվեց, բայց ճիշտ գտա տեղեկացնել»,- նշել է նա։
Գալիկյանը տեղեկացրել է, որ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն իր որոշումով մերժել է իրենց կողմից ներկայացված բողոքը քննիչի և դատախազի որոշման դեմ։ Նշված դատարանի որոշման դեմ ներկայացվել էր վերաքննիչ բողոք։
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի բավարարել է մեր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը և բեկանելով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը, գործը ուղղարկել է նույն դատարան նոր քննության»,- գրել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո զոհերի հարազատները Աբովյանի դիահերձարանում նկատել էին զոհերի դիերը լցված պարկերի մեջ, գետնին: Հարազատները տեսանյութ և լուսանկարներ էին հրապարակել: Պաշտոնապես հայտարարվել էր, որ դիերի քանակով պայմանավորված չկային համապատասխան սառնարաններ: Հարազատների հրապարակումից հետո Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներողություն էր խնդրել և հայտնել, որ արդեն դիերը գտնվում են պահման համապատասխան պայմաններում: