Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շփումներ ներկայումս նախատեսված չեն Երևանի և Բաքվի միջև նոր սրացման ֆոնին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է TACC-ը։
«Դեռ ոչ, բայց շփումները շարունակվում են։ Ընդամենը նախօրեին Պուտինը առանձնազրույց է ունեցել Մոսկվայում գտնվող Փաշինյանի հետ, շփումները շարունակվում են նաև ադրբեջանական կողմի հետ։ Ռուսաստանը շարունակում է կատարել իր գործառույթները, որոնք նախատեսված են եռակողմ փաստաթղթերով»,- ասել է նա։
«Իհարկե, մենք կողմերից զուսպ մոտեցում ենք ակնկալում և կոչ ենք անում չձեռնարկել որևէ գործողություն, որը կարող է հանգեցնել լարվածության աճի: Մենք կշարունակենք մեր շփումները Բաքվի և Երևանի հետ»,- եզրափակել է Պեսկովը։
Armenia Today-ը կապ հաստատեց վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
պետ Արմեն Խաչատրյանի հետ։ Վերջինս ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց Փաշինյան-Պուտին առանձնազրույցը։ Ասաց, որ հրապարակման ենթակա որևէ տեղեկություն չունի։
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Armenia Today-ը, վկայակոչելով համայնքի բնակիչներին և ՀՀ պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը Սոթք գյուղի մերձակայքում գտնվող սահմանային հատվածում։ Ապրիլի 23-ին ադրբեջանական կողմից կրակոցներից հետո Սոթքի սահմանին հայ զինծառայող է զոհվել։ Սոթքի տեղամասում Բաքվի պարբերական հրետակոծությունների պատճառով ապրիլից Սոթքի հանքի տնօրինությունը տասնյակ աշխատողների է ուղարկել հարկադիր արձակուրդի։