«Նեմեսիսի» հուշարձանն ապամոնտաժելու Թուրքիայի պահանջի, կիրակի սպասվող ընտրությունների ու պատմության դասագրքերում թույլ տրված պատմական կարևոր փաստեր խեղաթյուրելու մասին Armenia Today-ը զրուցեց պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին ղեկավար Հայկ Դեմոյանի հետ:
Նրա խոսքով՝ ժամանակն է, որ «Նեմեսիսի» արձանի շուրջ կարևոր ու ամփոփիչ եզրակացություններ անենք: Առաջինը, Դեմոյանի խոսքով, ստացվում է, որ ՀՀ տարածքում մենք չենք կարող հիշատակել որևէ պատմական իրադարձություն, դա մեր իրավասությունը չէ և կարող է բերել հարևանների արձագանքը: Երկրորդ վտանգավոր կետն այն է, որ ՀՀ իշխանությունները կարող են նույնիսկ համաձայնել հարևան երկրի կողմից արված դիտողություններին և նույնիսկ պահանջներին:
Երրորդ արձանագրությումը, պատմաբանի խոսքով այն է, որ ներկայիս իշխանությունների իրարամերժ գործելաոճն ու հայտարարությունները վկայում են մի վտանգավոր երևույթի մասին, որ այսօր ՀՀ-ում իշխանություն է վարում մարդկանց մի խումբ, որն իրենից վտանգ է ներկայացնում ՀՀ անվտանգության ապահովման տեսանյունից:
«Ես վերցնում եմ միայն հուշարձանի հետ կապված իրադարձությունները, չեմ անդրադառնում պատերազմին, դրանից առաջ տեղի ունեցած իրադարձություններին, բևեռային հակադիր հայտարարություններին, հայտարարություններից հրաժարվելուն, որը տեսնում ենք առաջին դեմքի մակարդակով: Վերջին դրվագն ուղղակի եկավ լրացնելու»,- ասաց Դեմոյանը:
Եզրակացություն համար չորս, շարունակեց մեր զրուցակիցը. «Պարզվում է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում հնարավոր է Հայոց ցեղասպանության կամ դրա որևէ դրվագներից մեկի ժխտողականությունը: Ի վերջո՝ ի՞նչ է նշանակում «սխալ հուշարձան» դնել: Դա փափուկ ժխտողականության դրսևորում է, որը, ցավոք, չարժանացավ որևէ ընդդիմադիրի քննարկմանն ու քննադատությանը»,- ասաց նա:
Որպես հինգերորդ եզրակացություն Դեմոյանը նշեց, որ այդ հայտարարություններն ու երևույթը չարժանացան նաև Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրինության և հոգաբարձուների խորհրդի որևէ անդամի արձագանքին:
«Ինչի՞ մասին է սա խոսում… սա խոսում է վտանգավոր մի համակարգի մասին»,- ասաց Դեմոյանը՝ հավելելով, որ ազգագրագետներ կային, որոնք ամեն օր քննադատում էին ամեն ինչ, նրանք ունեին կարծիք ամեն ինչի մասին, իսկ այս կարևոր իրադարձության մասին նրանք կարծիք չունեն, որովհետև հրահանգված է լռել թերևս:
Պատմաբանի խոսքով՝ պետական մակարդակով Հայաստանի Հանրապետության արձագանքը պետք է լիներ հետևյալը. «Քանի որ Թուրքիայից «Նեմեսիսի» արձանի մասին նախապայման դնողն արտգործնախարար Չավուշօղլուն էր, ապա ՀՀ ԱԳՆ-ն պետք է հանդես գար հայտարարությամբ, որ խոսքը ՀՀ սուվերեն իրավունքով իր սուվերեն տարածքում հուշահամալիր կանգնեցնելու մասին է: Դա մեր իրավունքն է: Մենք չենք քննարկում Թուրքիայի տարածքում ինչ դնել»,- պարզաբանեց պատմաբանը:
Իսկ թուրքերը, նրա խոսքով, տեղադրել են անգամ ցեղասպանության հուշարձան, որի կողքով անցկացրին Հայաստանից Թուրքիա տարվող հումանիտար բեռը: «Ցինիկ, սադրիչ քայլ, որը չարժանացավ հայկական կողմի արձագանքին»,- նշեց նա:
Դեմոյանի խոսքով՝ պետք էր արձանագրել, որ պատմական փաստ է, որ «Նեմեսիսը» հայ վրիժառուների ներգրավմամբ ընդամենն ի կատար էր ածել Օսմանյան ռազմական դատարանի որոշումը: Իսկ այդ որոշման մեջ հետաքրքիր կետեր կային:
«Առաջինը՝ այդ մարդիկ մեղադրվում էին կայսրությունը պատերազմի մեջ ներքաշելու մեջ: Սա Թուրքիայի պատմությունն է, և Չավուշօղլուն պետք է դա իմանա: Երկրորդը՝ ազգային փոքրամասնությունների դեմ ոճրագործություն իրականացնելու համար էին դատապարտվել և երրորդը՝ ոչ միայն հակաթուրքականության մասին պետք է իմանար Չավուշօղլուն, այլև այն, որ գործողության ընթացքում պատժվեցին նաև շատ հայ դավաճաններ»,- ասաց Դեմոյանը:
Մարամասները՝ տեսանյութում: