2023թ. մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված՝ ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, իրենց ծառայողական պարտքը կատարող ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամասի զինծառայողներին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ կիրառել են մարտական ԱԹՍ, որի հարվածից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի երկու զինծառայողներ: Այս մասին
տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից:
Նշվում է, որ նույն օրը վերջիններս տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային զինհոսպիտալ, նրանցից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր: Դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը: Կատարվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ՝ կատարվածի հանգամանքները պարզելու, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների հանցավոր գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով։
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Armenia Today-ը, վկայակոչելով համայնքի բնակիչներին և ՀՀ պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը Սոթք գյուղի մերձակայքում գտնվող սահմանային հատվածում։ Ապրիլի 23-ին ադրբեջանական կողմից կրակոցներից հետո Սոթքի սահմանին հայ զինծառայող է
զոհվել։ Սոթքի տեղամասում Բաքվի պարբերական հրետակոծությունների պատճառով ապրիլից Սոթքի հանքի տնօրինությունը տասնյակ աշխատողների է
ուղարկել հարկադիր արձակուրդի։
Կարդացեք և դիտեք
Armenia Today-ի բացառիկ
ռեպորտաժն այն մասին, թե ինչպես է ապրում սահմանային Կութը: