Իրանն անհրաժեշտ է համարում, որպեսզի բոլոր կողմերը կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները։ Armenia Today-ի հետ զրույցում այս մասին նշել է Հայաստանում Իրանի դեսպան Աբաս Զոհուրին՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Իրանի դիրքորոշման մասին հարցին։
«Իրանն անհրաժեշտ է համարում, որպեսզի բոլոր կողմերը կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները՝ համաձայն միջազգային իրավունքի և այդ հարցում ներգրավված երկրների ղեկավարների միջև ստորագրված փաստաթղթերի, այդ թվում՝ նոյեմբերի 9-ի հայտարարության։ Ստանձնած պարտավորություններին հավատարիմ մնալը կարևորվում է հատկապես այն խնդիրների համատեքստում, որոնք ունեն բազմաթիվ մարդասիրական ծանր հետևանքներ»,-ընդգծել է դեսպանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը:
Ամբողջական հարցազրույցը՝ հետևյալ հղմամբ։