Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարել է զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի և ՀՀ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առերեսման մասին։
Նա չի մանրամասնել առճակատման ընթացքի մասին՝ նշելով միայն, որ այն անցել է սահմանված կարգով։ Պատասխանելով հարցին, թե առերեսման ժամանակ վարչապետի որդին հաստատել է իր ցուցմունքը, փաստաբանն ասաց. «Մենք շատ նոր բաներ չենք լսել»։
Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է նաև, որ ժամը 23։00-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանում նշանակված է Գայանե Հակոբյանի կալանավորման դեմ պաշտպանական բողոքի քննությունը։
Մայիսի 17-ին «Հայկական ժամանակ» թերթը գրել էր Նիկոլ Փաշինյանի որդուն առևանգելու փորձի մասին՝ չնշելով տեղեկատվության աղբյուրը։ Ավելի ուշ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց, որ վարչությունը հաղորդագրություն է ստացել կրտսեր Փաշինյանին առևանգելու փորձի մասին։ Armenia Today-ի աղբյուրը մանրամասնեց, որ այս առնչությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել «Որդիների կանչ» ՀԿ-ի ներկայացուցիչներին։
Մելիքյանը պարզաբանեց, որ իրավապահ մարմինները չորս հոգու բերման են ենթարկել, սակայն բացի Հակոբյանից բոլորն ազատ են արձակվել։ Նույն օրը Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել կրտսեր Փաշինյանին առևանգելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (անձի կամ նրա մերձավոր ազգականի առևանգումը նրա պետական կամ քաղաքական գործունեության պատճառով): Այս հոդվածով առավելագույն պատիժը ութ տարի ազատազրկումն է։