Շենգավիթ ԲԿ-ում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Ազիզ Աղաջանյանի եղբայրը, հայտնում են ԲԿ-ից։
Նշվում է, որ փոքրիկ Արեգը ծնվել է եղբոր ծնունդից 4 օր առաջ։ Ազիզի մայրը` Մելանյա Հարոյանը պատմել է, որ Ազիզը երազում էր որդի ունենալ ու նրան Արեգ անվանել, ծնողները փորձել են որդու անկատար երազանքն իրենք իրականացնել։
ԲԿ-ից մանրամասնում են, որ փոքրիկ Արեգին օգնել է լույս աշխարհ գալ «Շենգավիթ» ԲԿ գլխավոր բժշկի տեղակալ, Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Ռուսուդան Վարդանյանը, փոքրիկի առաջին բժիշկն է նեոնատոլոգ Լուսինե Գրիգորյանը: Արեգը ծնվել է 3,300 կգ քաշով և 51 սմ հասակով: Նա իրեն հրաշալի է զգում և արդեն տանն է` իրենց ընտանիքում մի նոր արև բերելու։
«Այսօր Ազիզ Աղաջանյանի ծննդյան օրն է, նա կդառնար 22 տարեկան: Աստծո կամքով՝ Ազիզի փոքրիկ եղբայրը ծնվել է իր ծննդյան օրից 4 օր առաջ. սա յուրահատուկ նվեր է ծնողների կողմից որդուն կամ հակառակ»,- ասված է ԲԿ-ի տարածած հաղորդագրությունում։