Եթե ՀՀ-ն դե յուրե որոշում կայացնի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, դա տեղի կունենա այն դեպքում, երբ ՀՀ-ն արձանագրի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից, ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի գործունեությանը և պարզաբանեց․
«Նկատի ունեմ, առաջին հերթին, կազմակերպության ունեցած պարտավորությունները: Չէի ասի, որ այդ հարցը դուրս է եկել օրակարգից, դուրս չի եկել, քանի որ եթե հարց կա քննարկելու, քննարկվում է: Անընդհատ խոսվում է այն մասին, որ մոնիթորինգի խումբը գա՞ Հայաստան, թե՞ չգա, ինչո՞ւ չի գալիս, մենք դրա մասին թափանցիկ ասում ենք: Ես չեմ բացառում, որ ՀՀ-ն կարող է դե յուրե որոշում կայացնի ՀԱՊԿ-ում անդամակցությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ, բայց դա տեղի կունենա միայն այն պարագայում, երբ արձանագրենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել ՀՀ-ից»,- ասաց վարչապետը:
Նա շեշտեց, որ եթե ՀՀ արձանագրումը լինի այն, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել ՀՀ-ից, ՀԱՊԿ անդամի դե յուրե և ոչինչ չտվող կարգավիճակն ընդամենը խանգարելու է այլ երկրների հետ անվտանգային օրակարգ քննարկելուն:
«Դուք գիտեք՝ ՀՀ-ն հնարավորություններ չի ունեցել սպառազինություն կամ ռազմական տեխնիկա ձեռք բերելու, բայց այդ հնարավորությունների փակ լինելը հիմնականում բացատրվել է ՀԱՊԿ անդամ լինելով, ասվել է, որ դուք ՀԱՊԿ անդամ եք, ի՞նչ քննարկենք ձեզ հետ»,- ասաց նա:
Վարչապետը նկատեց, որ ըստ սոցիոլոգիական հարցումների՝ Ռուսաստանի վստահելիությունը ՀՀ քաղաքացիների շրջանում նվազում է:
Նա նաև հավելեց, որ ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելը քննարկման փուլում է․ «Կմասնակցենք, թե ոչ, ինչ ծավալով կմասնակցենք, լրացուցիչ կքննարկվի»:
Մանրամասները՝ տեսանյութում։