Տիգրանաշենը և Տավուշի վեց գյուղերը ներառված չեն 29 800 քառ. կմ Հայաստանի տարածք, լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հրավիրված ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«29 800 քառ. կմ-ը խորհրդային հանրագիտարանում գրանցված թիվ է, որը հրապարակային է և պաշտոնական»,- ասաց նա՝ նշելով, որ դա չի նշանակում, որ հանրագիտարանը այս թվի միակ հիմնավորումն է։ Վարչապետն ավելի վաղ նշել էր, որ Հայաստանի կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքը ներառում է անկլավներ։
«29 800 քառ. կմ-ը ներառում է Արծվաշենը, իսկ 86 600 քառ. կմ այս հաշվարկներով ներառում է նաև անկլավներ։ Սա քաղաքական դիրքորոշում է, և հարցի իրավական հատվածը վերլուծության կարիք ունի»,- ասաց նա։
Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքը 86 600 քառ․ կիլոմետր մակերեսով ներառում է Արցախը։ «86 600 քառ. կմ ներառում է Արցախը, բայց միաժամանակ ասում ենք, որ Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով»,- պարզաբանել է վարչապետը։
Ավելի վաղ Ռեյկյավիկում Եվրախորհրդի գագաթնաժողովում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը ճանաչելու է Ադրբեջանի տարածքը՝ 86 600 քառ. կմ, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքը 29 800 հազար քառ. կմ։ Փաշինյանը հավելել էր, որ դա հաստատվել է մայիսի 14-ին Բրյուսելում Ալիեւի հետ հանդիպմանը։