«ATA Alliance» դաշինքից Թուրքիայի նախագահի թեկնածու Սինան Օգանը հայտարարել է, որ սատարում է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ընտրությունների երկրորդ փուլում։
«Թուրքիայում մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ես հայտարարում եմ, որ սատարում եմ Հանրապետական դաշինքի թեկնածու Թայիփ Էրդողանին։ Ես կոչ եմ անում իմ կողմնակիցներին աջակցել նրան ընտրություններում»,- Օգանին մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Hürriyet Daily News-ի փոխանցմամբ՝ Օգանը կոչ է անում ավելի կոշտ պայքար մղել ահաբեկչության դեմ եւ վտարել բոլոր միգրանտներին Թուրքիայից։ Նա ասել է, որ այդ կետերը համաձայնեցրել է Էրդողանի հետ, որը ներառում է «որոշակի ժամկետում ներգաղթյալներին արտաքսելու բոլոր միջոցները ձեռնարկելը»,- գրում է թերթը։
Ըստ կայքի՝ Էրդողանի աջակցության հայտարարությանը նախորդել է Օգանի հանդիպումը Թուրքիայի ներկայիս նախագահի հետ։ Մայիսի 14-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում Սինան Օգանը հավաքել է ձայների 5,22%-ը։ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է 49,35 տոկոս, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45 տոկոս ձայն։
Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից մեկին անհրաժեշտ էր ձայների 50%-ը։ Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է մայիսի 28-ին։