Հայաստանի Հանրապետությունը Բաքվի հետ չի ստորագրի խաղաղության համաձայնագիր, քանի դեռ չունի միջազգայի երաշխիքներ այն մասին, որ Ադրբեջանը կատարելու է իր ստանձնած պարտավորությունները, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
Խոսելով բանակցային գործընթացի տրամաբանության մասին՝ նա շեշտել է․ «ՀՀ-ն փորձում է միջազգային երաշխիքներ գտնել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամանակ այդ մեխանիզմների առկայության դեպքում համոզված լինենք, որ Ադրբեջանը կկատարի իր իսկ ստանձնած պարտավորություները»։
Երաշխիքներից մեկն, ըստ նրա, պետք է լինի այն, որ Բաքուն ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինչը, սակայն, բավարար չէ։
«Սա է պատճառը, որ խոսում ենք միջազգային երաշխիքների, այդ թվում՝ դիտորդական խմբերի մասին»,-հավելել է Չախոյանը։
Ճշտող հարցին՝ քանի դեռ այդ պայմանները չկան, ՀՀ-ն չի՞ ստորագրելու խաղաղության պայմանագիրը, նա պատասխանել է․ «Քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը չունի միջազգային երաշխիքներ այն մասին, որ Ադրբեջանը կատարելու է իր իսկ ստանձնած պարտավորությունները, որևէ թղթի տակ ստորագրելն անտրամաբանական է»։
Մայիսի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի իրագործման միջազգային մեխանիզմների հարցում որևէ համաձայնություն չկա։