«Որդիների կանչ» կազմակերպությունը հայտարարել է կառավարության շենքի մոտ նստացույցը դադարեցնելու մասին։
Զոհված զինծառայողների ծնողներն իրենց հայտարարության մեջ նշել են, որ համաձայն են ձերբակալված Գայանե Հակոբյանի փաստաբանների այն կարծիքին, որ վերջինիս պաշտպանության իրավական գործիքներն սպառված են։ Դա, ըստ հայտարարության հեղինակների, հաստատվել է նաև երեկ վարչապետի ասուլիսի ժամանակ։
«Երկար քննարկումներից հետո մենք որոշել ենք վերջ տալ պայքարի այս ձևին՝ նստացույցին»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։ Զոհված զինվորների ծնողները շեշտել են, որ իրենց պայքարն այսքանով չի ավարտվում և խոստացել են իրենց հետագա քայլերի մասին տեղեկացնել ավելի ուշ։
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին զոհված զինծառայողների հարազատները ՀՀ կառավարության շենքի մոտ անժամկետ նստացույց էին սկսել՝ պահանջելով ազատ արձակել վարչապետի որդուն առևանգելու մեղադրանքով կալանավորված Գայանե Հակոբյանին։
ՀՀ վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու կասկածանքով մայիսի 17-ին բերման էր ենթարկվել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը։ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետն Armenia Today-ին հաստատել էր, որ վարչությունում հաղորդում է ստացվել կրտսեր Փաշինյանին առևանգելու փորձի մասին։ Խմբագրության աղբյուրը տեղեկացրել էր «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության չորս անդամների կալանավորման մասին. բոլորը, բացի Հակոբյանից, ավելի ուշ ազատ էին արձակվել։
Մայիսի 17-ին Քննչական կոմիտեում ոստիկանությունում տված հողորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել․ այն է՝ մարդուն առևանգելը՝ անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ)։ Դատարանը մայիսի 20-ին բավարարել էր Հակոբյանին 1 ամիս ժամկետով կալանավորելու հետաքննության միջնորդությունը։