Ժողովրդավարության մակարդակը Հայաստանում մեկ տարվա ընթացքում 3,04 կետից հասել է 3,11-ի, ասվում է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության «Անցումային փուլում գտնվող երկրներ» ամենամյա զեկույցում, որը կոչվում է «Ազգերը տարանցման մեջ 2023»։
Դրանում Freedom House-ը գնահատել է ժողովրդավարության վիճակը 29 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Ժողովրդավարության մակարդակով կազմակերպությունը Հայաստանը դասել է անցումային կամ հիբրիդային ռեժիմով երկների շարքին։ Տոկոսային արտահայտությամբ Հայաստանում ժողովրդավարության վարկանիշը կամ զարգացման մակարդակը կազմել է 35%։ Տարածաշրջանի երկրներից Հայաստանն այս ցուցանիշով շրջանցում է Վրաստանին (34%; 3.04 միավոր) և Ադրբեջանին (1%; 1.07 միավոր): Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 29 և հետխորհրդային տարածքի երկրների մեջ ժողովրդավարության մակարդակով առաջին տեղում է Էստոնիան, իսկ վերջինը՝ Թուրքմենստանը։ Ուկրաինայում ժողովրդավարության մակարդակը գնահատվում է 39% և 3,36 միավոր, Ռուսաստանում՝ 2% և 1,11 միավոր։
Զեկույցում նշվում է, որ Հայաստանը չի դիմել ԵՄ-ին անդամակցելու համար, սակայն շարունակել է ժողովրդավարական ձեռքբերումներ գրանցել 2022 թվականին՝ դառնալով միակը 29 երկրներից, որը բարելավվել է մեկից ավելի ցուցանիշներով։
«Հայաստանը, Ուկրաինան և Մոլդովան բարելավել են իրենց ժողովրդավարական ինստիտուտները վերջին տարիներին՝ օգնելով քաղաքացիական ներգրավվածությանը և ընտրություններին: Չնայած ավտորիտար ագրեսիան սպառնում էր նրանց հիմնական անվտանգությանը, ժողովուրդը և նրանց ազատ ընտրված առաջնորդները պայքարում էին կառավարումը բարելավելու համար՝ տեղական ՀԿ-ների և մասնագետների հետ սերտ համագործակցության միջոցով»,- ասվում է զեկույցում:
«Հաշվի առնելով Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից՝ բացահայտ թշնամական Ադրբեջանից ռազմական պաշտպանության համար, Հայաստանի ժողովրդավարությունը բախվում է եզակի հզոր հակահարվածների», – պնդում են զեկույցի հեղինակները:
Freedom House-ը նշել է, որ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում տարած հաղթանակից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակել է ռազմական ճանապարհով իրականացնել իր տարածքային նկրտումները։
«2022-ին Ադրբեջանը մեծ ներխուժում կատարեց Հայաստան, իսկ 2023-ի սկզբին էլ ավելի մեկուսացրեց Լեռնային Ղարաբաղում մնացած էթնիկ հայերին՝ «բնապահպանական բողոքի ակցիաների» քողի տակ փակելով կրիտիկական ճանապարհային կապերը», – նշվում է զեկույցում։
Զեկույցի հեղինակները կարծում են, որ Բաքվի վերահսկողության ընդլայնումը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի որոշ տարածքների նկատմամբ կզրկի տեղի բնակչության ազատությունն ու անվտանգությունը։
«Ժողովրդավարական կառավարությունները չպետք է անտեսեն վտանգը։ Նրանք պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր քայլերը՝ Հայաստանում ժողովրդավարությունն ամրապնդելու և և ապահովելու այնտեղ ապրողների պաշտանությունը, որոնց սպառնում են ադրբեջանական ագրեսիաները»,- ասվում է զեկույցում։