Արևմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը, Ria.ru-ի փոխանցմամբ Մինսկում ընթացող ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Շոյգուի խոսքով՝ կովկասյան տարածաշրջանում իրավիճակը մեծապես որոշվում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման աստիճանով:
«Այժմ Լեռնային Ղարաբաղում անվտանգությանն աջակցում է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Սակայն Արևմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել իրավիճակին, մեծացնել իր ներկայությունը և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը»,-ասել է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։
Նա ընդգծել է, որ «Արևմուտքի համար գլխավորը ոչ թե երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանի անվտանգությունն ու բարգավաճումն ապահովելն է, այլ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելը»:
«Դրա օրինակը Հայաստանում Եվրամիության, այսպես կոչված, քաղաքացիական առաքելությունն է, որում ընդգրկված են զինծառայողներ և հատուկ ծառայությունների աշխատակիցներ։ Կարծում եմ՝ պետք չէ բացատրել, թե իրականում ինչով են նրանք զբաղվում»,-ասել Է Շոյգուն։
Այս համատեքստում նա ընդգծել է տարածաշրջան ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքը շարունակելու անհրաժեշտության մասին։ Շոյգուն հայտարարել է նաև ՀԱՊԿ շրջանակներում օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումներին հայկական կողմի մասնակցության կարևորության մասին:
«Հայաստանը մեր կազմակերպության անդամն է, մեր դաշնակիցը։ Մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ և Անդրկովկասում իրավիճակի կայունացման համար անում ենք հնարավորը։ Հատուկ կցանկանայի նշել ՀԱՊԿ շրջանակներում օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումներին հայկական կողմի մասնակցության կարևորության մասին»,-ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։
Մայիսի 25-ին Armenia Today-ին ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնել է, որ Մանրամասների և պատճառների մասին Թորոսյանը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ, չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Նիստին Հայաստանը ներկայացնում է ՀԱՊԿ միացյալ շտաբում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը:
Մայիսի 25-ին Մինսկում Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինի նախագահությամբ տեղի է ունենում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի նիստը։ Հանդիպմանը մասնակցում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։