ՀՀ տեղափոխված ռուսաստանցի աշխատանքային միգրանտների թիվը տարեկան կտրվածքով աճել է 272 տոկոսով։ Kommersant-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալտինայ Օմուրբեկովան։
«Մենք վիճակագրություն ենք վարում միայն աշխատողների մասով, այսինքն՝ նրանք այն մարդիկ են, ովքեր լքել են երկիրը աշխատանքի նպատակով։ Մենք ունենք 2022 թվականի տվյալներ, որտեղ Հայաստանն ու Ղազախստանն աճ են գրանցել։ ՀՀ-ում 2021 թվականի համեմատ աճը 272% է, Ղազախստանում՝ մոտ 70%»,- ասել է Օմուրբեկովան։
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 16-ին «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ մոտ 108-110 հազար ռուսաստանցի 2022 թվականին ժամանել են Հայաստան և մշտական բնակություն հաստատել։ «Անցյալ տարի ռուսների մասնակցությամբ բացվել է մոտ 2,5 հազար իրավաբանական կազմակերպություն, 4 հազար անհատ ձեռնարկատիրություն։ Միջին հաշվով ռուսաստանցիները տարեկան 500 բիզնես են բացում», – նշել է նախարարը։