Մայիսի 24-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը պաշտոնական նամակներ է ուղարկել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին, որում ներկայացրել է ԱՀ կառավարության մտահոգություններն Արցախի ժողովրդին սպառնացող գոյաբանական վտանգների կապակցությամբ, հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից։
«2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը դիտավորյալ կեղծ տեղեկատվություն է տարածում Արցախում իբր ապօրինի ռազմական գործունեության, սպառազինության տեղափոխման վերաբերյալ՝ այդպիսով փորձելով արդարացնել Արցախի ժողովրդի դեմ սեփական անօրինական գործողություններն ու հնարավոր նոր հարձակումները, ինչպես նաև զինաթափել Պաշտպանության բանակը՝ արցախցիներին զրկելով ինքնապաշտպանվելու հնարավորությունից»,-նշվել է նամակում։
ԱՀ ԱԳՆ նամակում ընդգծել են նաև Ադրբեջանի կողմից սպառազինությունների վերահսկման միջազգային մեխանիզմներն անտեսելու մասին։
Նամակում անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի կողմից Արցախի ավելի քան 5 ամիս շարունակվող շրջափակմանը և դրա հումանիտար և անվտանգային հետևանքներին, այդ թվում՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի ապօրինի տեղադրմանը։ Այս համատեքստում ընդգծվել է, որ Ադրբեջանի անօրինական նկրտումներին աջակցող ցանկացած գործողություն կամ հայտարարություն այդ երկրի ղեկավարության կողմից ընկալվում է որպես Արցախի ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված իր քաղաքականության թողտվություն։
«ԱՀ ԱԳ նախարարը կոչ է արել միջազգային դերակատարներին վճռական և անկողմնակալ դիրքորոշում արտահայտել Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, հորդորել վերջինիս հրաժարվել ուժի կամ ուժի սպառնալիքի հետագա կիրառումից և հարգել իր միջազգային պարտավորությունները։ Շեշտվել է, որ դա նվազագույնն է, ինչ պետք է անի միջազգային հանրությունը՝ ապացուցելու իր հանձնառությունը ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտման և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխմանը»,-ասված է ԱՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: