Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը որպես հյուր մասնակցել է Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին։ Սա հանգեցրել է նրան, որ գագաթնաժողովն ավարտվել է Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև 20 րոպեանոց բանավեճով։
Ալիևն իր ելույթում նշել է՝ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը՝ հնարավոր ճանապարհ, որը կկապի Ադրբեջանը իր էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։
Ալիևի ելույթից մոտ 10 րոպե անց, երբ Վլադիմիր Պուտինը պատրաստվում էր ելույթով ավարտել միջոցառման այդ հատվածը, Փաշինյանն անսպասելի ընդհատել է ՌԴ նախագահին և ասել, որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն Ադրբեջանն օգտագործում է «որպես Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնելու փորձ»:
Ալիևն ի պատասխան ասել է, որ իր խոսքերում տարածքային պահանջներ տեսնելու համար «պետք է շատ ջանք գործադրել կամ ունենալ վառ երևակայություն»: «Միջանցք անվանումը ոչ մի կերպ ոտնձգություն չէ ինչ-որ մեկի տարածքի նկատմամբ»,- նշել է նա՝ հավելելով, որ «միջազգային տերմինաբանությանը ծանոթ մարդիկ դրան չեն տա այն կարևորությունը, որը տալիս է Հայաստանի վարչապետը»։
Փաշինյանն այնուհետև հայտարարել է, որ «բոլոր մարդիկ, ովքեր ծանոթ են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը» (Արցախում հրադադարի մասին հայտարարությանը) գիտեն, որ «միջանցք» բառը փաստաթղթում օգտագործվում է միայն Լաչինի միջանցքի հետ կապված՝ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող ճանապարհը: Հայաստանի վարչապետը հավելել է, որ Ադրբեջանն «ապօրինաբար փակել է միջանցքը՝ ռուս խաղաղապահների ներկայությամբ»։
Ալիևը հերքել է այս մեղադրանքը՝ ասելով, որ Ադրբեջանն ուղղակի սահմանային անցակետ է ստեղծել հայ-ադրբեջանական սահմանին։ Նա նաև ասել է, որ Ռուսաստանն աջակցում է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը, ինչին Փաշինյանը պատասխանել է. «Շատ հետաքրքիր է, շնորհակալություն։ Շատ հետաքրքիր է իմանալ, որ ձեր նշած նախագծին աջակցում է Ռուսաստանը։ Ճիշտն ասած, առաջին անգամ եմ լսում դրա մասին»:
Դրանից հետո քննարկման մեջ փորձել է մտնել նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, սակայն Պուտինն ընդհատել է նրան և ասել, որ հնարավոր է շարունակել Երևանի և Բաքվի հակասությունների քննարկումը եռակողմ հանդիպման ժամանակ։