Լոս Անջելեսի դատավորը մերժել է Լեոնարդ Ուայթինգի և Օլիվիա Հասիի հայցը, ովքեր նկարահանվել են Ֆրանկո Զեֆիրելիի 1968 թվականի «Ռոմեո և Ջուլիետ» ֆիլմում, հայտնում է Fox News-ը։
Դերասանները սեռական շահագործման հայց են ներկայացրել «Ռոմեո և Ջուլիետ» ֆիլմը նկարահանած Paramount Pictures կինոընկերության դեմ և կինոընկերությունից պահանջել են ավելի քան 500 միլիոն դոլար։ Նրանք մեղադրել են Զեֆիրելիին (մահացել է 2019 թվականին) և Paramount Pictures-ին այն բանում, որ իրենց ստիպել են նկարահանվել մերկ և ֆիլմի տեսարանը մանկական պոռնոգրաֆիա են անվանել։
Նկարահանումների ժամանակ Ուայթինգը 16 տարեկան էր, իսկ Հասին՝ 15։ Հիմա արդեն մոտ 72 տարեկան դերասանները պնդում են, որ ռեժիսորն իրենց ասել է․ թե բաց տեսարանի նկարահանման ժամանակ նրանք մարմնագույն ներքնազգեստ կկրեն, սակայն վերջին պահին պնդել է, որ դերասանները մերկանան, այլապես «պատկերը կձախողվի»։
Դերասանները նաև նշել են, որ իրենց մարմինների ապօրինի ցուցադրման պատճառով հոգեբանական և էմոցիոնալ զրկանքներ են կրել և չեն կարողացել արժանի դերասանական կարիերա կառուցել։
Դատավոր Էլիսոն Մաքքենզին վճռել է, որ ֆիլմի անկողնային տեսարանը պաշտպանված է Առաջին փոփոխությամբ՝ նշելով, որ Հասին և Ուայթինգը «ոչ մի հիմնավոր պատճառ չեն ներկայացրել, թե ֆիլմը կարող է իրավաբանորեն այնքան անպարկեշտ համարվել, որ վերջնականապես անօրինական համարվի»: Դերասանների պաշտպանությունը նախատեսում է կրկին հայց ներկայացնել Դաշնային դատարան։