Երբ երկու հայ միմյանց հետ զրուցում են, միևնույն է, նրանք երեքով են, որովհետև նրանց մեջտեղում միշտ տեղավորվում է հայրենիքը։ Հայ արձակագիր Վարդգես Պետրոսյանի անունը կրող դպրոցի սաները հենց այս տողերով և ազգային պարով ողջունեցին դպրոցի հյուրերին․ դպրոցն այսուհետև կունենա «Արմաթ» ինժեներական նոր լաբորատորիա։ Այն իրականություն է դարձել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և VMWARE ընկերությունների աջակցությամբ:
Մոտ երկու ամիս է՝ դպրոցի աշակերտներն ինժեներական միտքը զարգացնելու հնարավորություն ունեն։ Նրանք ծանոթանում են գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներությանը, ռոբոտաշինությանը։ Ավելի քան 100 աշակերտ է մասնակցում դասընթացներին, ասում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի խմբավար Դավիթ Բադալյանը։ Խմբերից յուրաքանչյուրն ունի 16-20 աշակերտ։
«Մենք զարգացնում ենք մեր պետությունը, որպեսզի հետագայում ուժեղ պետություն ունենանք։ Մենք նաև ԱԹՍ-ների գծով կրթական կենտրոններ»,-Armenia Today-ի հետ զրույցում նշել է թիվ 51 դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի խմբավար Դավիթ Բադալյանը։
12-ամյա Դավիթն ու Արտաշեսը «Արմաթ» լաբորոտորիայում մեկուկես ամսվա ընթացքում հասցրել են ռոբոտ ստեղծել։
6-րդ դասարանի աշակերտ Արտաշես Սիմոնյանը նշեց, որ ռոբոտը ոչ թե հեռակառավարման վահանակով, այլ ինքնուրույն է աշխատում։
«Այս ռոբոտը 50 մետր հեռավորությունից ֆիքսում է խոչընդոտն ու պտտվում»,- հավելեց Դավիթ Վահանյանը։
14-ամյա Ռուզաննային էլ եռաչափ մոդելավորումն է հետաքրքրում: Մեկ ամսվա ընթացքում նա պատճենահանման 3D սարքի միջոցով եռաչափ մոդելներ ու խաղալիքներ է ստեղծել։
«Ինձ միշտ հետաքրքրել է ծրագրավորումը, եռաչափ մոդելավորումը։ Քանի որ նման հնարավորություն եղավ, ես եկա «Արմաթ» ու որոշեցի փորձել իմ ուժերը»,-ասաց Ռուզաննան։
«Արմաթ» լաբորատորիայում աշակերտները նաև խաղեր են ստեղծում։
12 տարեկան Գևորգ Հովսեփյանը որոշել է ծրագրավորող դառնալ։ Ընկերների հետ ստեղծած խաղը ներկայացրեց, բայց ասաց, որ ուզում է հենց իր խաղը ստեղծել։
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը համոզված է՝ երեխաներն այսուհետև կունենան բարձր տեխնոլոգիական կրթություն ստանալու հնարավորություն, որի հնարավուրությունը չունեն անգամ զարգացած երկրների հանրակրթական դպրոցներ։
««Արմաթ» ինժեներական լաբորատորիան առաջին հերթին մասնագիտական կողմնորոշման հնարավորություն է տալիս, այն նպաստում է երկրի տեխնոլոգիական զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, երկրի անվտանգության մակարդակի բարձրացմանը»,-ասաց Վարդանյանը։
Աշխարհի 641 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում մոտ 17,200 երեխա անվճար ինժեներական կրթություն է ստանում։ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ կան Հայաստանում, Արցախում, Վրաստանում, Հնդկաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Քուվեյթում, Բանգլադեշում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը նշեց, որ ուրախ են իրենց որոշակի ներդրումն ունենալ այս գեղեցիկ նախաձեռնության մեջ։
«Ես ուզում եմ, որ մեր հայրենիքի յուրաքանչյուր գյուղի յուրաքանչյուր , դպրոցի աշակերտի համար հասանելի լինի նման կրթությունը։ Ես ցանկանում եմ, որ բոլորդ դառնաք այնպիսի մարդիկ, ովքեր ապագան կարող են կերտել շատ ավելի լավ, քան մենք ենք կերտել»,-նշեց Հարությունյանը։
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը հայտնեց, որ 641 դպրոցներից բացի նաև անօթաչու թռչող սարքերի 14 կրթական լաբորոտիա կա։ Նպատակ ունեն այդ թիվը 60-ի հասցնել։
«Երբ այդ թիվը հասցնենք 60-ի, այդ ժամանակ մոտ 1800 երեխա կհաճախի ԱԹՍ աշխատանոցներ։ Երեխաները կսովորեն և՛ ԱԹՍ-ների կառավարում, և՛ տեխնիկական սպասարկում, և՛ սպասարկում։ 18 տարեկան տղաներն արդեն ժամկետային ծառայության անցնելուց հմտություններ կունենան»,-ասաց Վարդանյանը։
«Արմաթ» կրթական ծրագրի հիմնական նպատակը երեխաների համար մասնագիտական կողմնորոշման հնարավորություն ստեղծելն է։ Սեդրակ Վարդանյանը նշեց, թե ինչու է կարևոր ռազմավարական նշանակության կրթական ծրագիրը սկսել հենց դպրոցից։
«Ես կմեջբերեմ Օտտո Բիսմարկի խոսքերը․ ««Պատերազմը հաղթում են ոչ թե ռազմաճակատում, այլ դպրոցական նստարանին»»,-ասաց Վարդանյանը։
Կրթված երեխաները վաղվա գիտելիքահեն պետության հիմքերն են, վստահեցնում է Սեդրակ Վարդանյանը:
«Արմաթ» կրթական ծրագիրն արդեն տվել է իր արդյունքները․ համաշխարհային ու տարածաշրջանային մակադակով արժանացել է մրցանակների, ծրագրի շրջանավարտները թե՛ տեղական, թե՛ միջազգային ԲՈՒՀ-֊եր են ընդունվել, աշխատում են բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտում և հիհարկե հիմնադրում սեփական Start-up-ները:
Աննա Բադալյան