Ադրբեջանի կողմից երկու հայ զինծառայողների առևանգվման դեպքով Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ։ Տեղեկությունը Armenia Today-ին հայտնեց գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Սամվելյանը։
«Ադրբեջանը պետք է դատարանին ներկայացնի նրանց պահման պայմանները, բժշկական և այլ փաստաթղթեր։ Երբ դատարանն ուղարկի այդ պահանջն Ադրբեջանին, այդ ժամանակ պատասխանի ժամկետ կնշանակի»,- ասաց Հասմիկ Սամվելյանը։ Նա նշեց, որ ժամկետները դատարանն է որոշելու, նախապես իմանալ հնարավոր չէ։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ադրբեջանական լրատվամիջոցները, ապա Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն էին տարածել այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել են ՀՀ ԶՈւ 2 զինծառայողներ: ՊՆ-ն հերքել էր այս տեղեկությունը։
Ավելի ուշ ՊՆ-ն հայտնել էր, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է։ Գերատեսչությունից տեղեկացրել էին, որ քննվում է նաև դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը:
Մայիսի 27-ին հայտնաբերվել էր ՀՀ ԶՈւ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը և գլխավոր դատախազությունը հրապարակել էին ադրբեջանցի սահմանապահների կողմից ձերբակալված երկու հայ զինծառայողների անունները։ Նշվում է, որ նրանց մեղադրանք է առաջադրվել։