Ընդամենը օրեր առաջ Արցախի Հանրապետության նախագահը Ադրբեջանի ժողովրդին ու իշխանություններին կոչ էր արել վերջ տալ Արցախի ժողովրդի հանդեպ ատելության ու ցեղասպանական քաղաքականությանը, իրապես ընդունել միջազգային իրավունքով ամրագրված ժողովուրդների իրավահավասարության սկզբունքը և Արցախի հանդեպ բնիկ հայ ժողովրդի տիտղոսն ու իրավունքները:
«Արցախպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ ի պատասխան Արցախում պետական ատրիբուտները՝ լուծարելու վերաբերյալ նախօրեին Ալիևի արած հայտարարության:
«Միաժամանակ նախագահ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել սկսելու միջազգային ձևաչափով երկխոսություն՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, հատկապես՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, վեճերի խաղաղ կարգավորման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա»,- ասել է Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո առաջին անգամ չէ, որ Արցախի ժողովրդի հետ խոսում է սպառնալիքի լեզվով, մենք տեսել ենք և տեսնում ենք ագրեսիվության դրսևորումներ՝ տեղական մարտական գործողությունների, շրջափակման, էներգետիկ և այլ ճնշումների ձևով: Դրանց այս անգամ Ադրբեջանի նախագահը ավելացրել է Արցախի ժողովրդի ընտրված իշխանությունների վերաբերյալ ապօրինի պահանջները:
«Նախագահն ու Ազգային ժողովը կրում են Արցախի ժողովրդի առաջնային մանդատը՝ ընտրված ժողովրդավարական սկզբունքներով և Արցախի Հանրապետության Սահմանադրության հիման վրա: Իսկ Ադրբեջանի նախագահը քաջ գիտակցում է, որ Արցախի սուբյեկտայնության գլխավոր աղբյուրը հենց այդ պետական ինստիտուտներն են, և, փաստորեն, այդպիսի պահանջներով նա ճանաչում է այդ ինստիտուտների լեգիտիմությունն ու կարևորությունը: Հարավային Կովկասում տևական խաղաղություն ապահովելուն միտված միջազգային ակտիվ ջանքերին զուգահեռ՝ Արցախի ժողովրդին ու պետականությանն ուղղված Ադրբեջանի նախագահի հերթական սպառնալիքները նպատակ ունեն հարվածի տակ դնելու այդ ջանքերի արդյունավետության հեռանկարը: Եվս մեկ անգամ ընդգծելով , որ Ադրբեջանը չի հարգում միջազգային որևէ սկզբունք և պարտավորություն՝ նախագահ Հարությունյանը վերահաստատում է մայիսի 23-ի իր ուղերձի դրույթները՝ ուղղված եռակողմ հայտարարության կողմերին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»,- ասել է Լուսինե Ավանեսյանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պահանջել Է արձակել Արցախի Ազգային ժողովը, նաև հայտարարել, որ Հայաստանի հետ սահմանի դելիմիտացիան «պետք է Բաքվի պայմաններով» իրականացվի: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ալիևը հայտարարել է, որ Արցախի խորհրդարանը «պետք է լուծարվի, նախագահը պետք է հանձնվի, իսկ բոլոր նախարարները, պատգամավորները և մյուսները պետք է լքեն իրենց պաշտոնները»։