Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները և դրանցում պարունակվող սպառնալիքները փաստացի ևս մեկ անգամ բացահայտում են, թե ինչ նպատակներ են թաքնված բանակցությունների ժամանակ «իրավունքների և անվտանգության ապահովման» ադրբեջանական խոստումների ներքո, գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին։
«Ալիևի հայտարարությունները հստակ ցուցիչ են այն բանի, որ Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման մասին բոլոր խոսակցությունները դատարկաբանություններ են»,- նշել է Ստեփանյանը։
ՄԻՊ-ն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության պետականությունն ու պետական մարմինները ձևավորվել են Արցախի ժողովրդի կամարտահայտության արդյունքում՝ ինքնորոշման բնական իրավունքի իրացման ճանապարհով և միտված են սպասարկելու Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներն ու ազատությունները և դրանց դեմ Ալիևի վերջին հայտարարություններն ազդակ պետք է լինեն հակամարտության կարգավորման մեջ ներգրավված բոլոր կողմերի համար։
«Ալիևի հայտարարություններն ազդակ պետք է լինեն հակամարտության կարգավորման մեջ ներգրավված բոլոր կողմերի համար, որ առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման, այլ իրավունքների և ազատությունների ապահովման մասին խոսակցությունները հիմնազուրկ են և իրականությունից կտրված։ Ավելին, դրանք Ադրբեջանի կողմից օգտագործվում են հայատյացության օրակարգը և Արցախի ժողովրդի նկատմամբ վարվող էթնիկ զտման քաղաքականությունը քողարկելու համար»,- ասել է նա։
Ստեփանյանը կասկածի տակ է առել Ադրբեջանի կողմից հնչեցվող խոստումներն Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգություն ապահովման հետ կապված։
«Ինչպե՞ս կարող է ողջամիտ մեկը հավատալ, որ քաղաքացիական անձանց դաժանաբար սպանողը, հայկական մշակութային արժեքների և անգամ հայկական գերեզմաների դեմ պատերազմ վարողը կամ շուրջ կես տարի Արցախի ժողովրդին դիտավորյալ շրջափակման մեջ պահող ու առանց գազամատակարարում և էլեկտրամատակարարում թողած Ադրբեջանը կարող է իրավունքներ և անվտանգություն ապահովել»,- գրել է նա։
ՄԻՊ-ի գնահատմամբ՝ իրողություններն առավել քան պարզ են ու հասկանալի, և Ադրբեջանը չի էլ թաքցնում իր նպատակները։
«Իրողություններն առավել քան պարզ են ու հասկանալի․ Ադրբեջանը չի էլ թաքցնում իր նպատակները։ Հիշեցնում եմ բոլոր այն կողմերին, որոնք, այս պարզ ճշմարտությունները հասկանալով հանդերձ, չտեսնելու են տալիս կամ դիտավորյալ զբաղվում են ինքնախաբեությամբ, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխման պատասխանատվություն ունի միջազգային հանրությունը՝ որպես հավաքական հանրույթ, իսկ այդ պատասխանատվության ձախողումը բոլորի հանցակցությունն է»,- հավելել է Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պահանջել Էր արձակել Արցախի Ազգային ժողովը, նաև հայտարարել էր, որ Հայաստանի հետ սահմանի դելիմիտացիան «պետք է Բաքվի պայմաններով» իրականացվի: Ալիևը հայտարարել էր նաև, որ Արցախի խորհրդարանը «պետք է լուծարվի, նախագահը պետք է հանձնվի, իսկ բոլոր նախարարները, պատգամավորները և մյուսները պետք է լքեն իրենց պաշտոնները»։