ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Վահագն Խաչատուրյանն իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանին այն քաղաքականության վերաբերյալ, որն իրականացվում է կառավարության հետ միասին և որը միտված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը։
«Անցած շաբաթ կարևոր իրադարձություններ էին մեր քաղաքական կյանքում՝ սկսած բրյուսելյան հանդիպումից, որից հետո Դուք հստակ արտահայտեցիք Հայաստանիկառավարության, իշխանության տեսակետը, համաձայն որի մենք ընդունում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նույնն ակնկալում Ադրբեջանից»,- նշել է նախագահը:
Խաչատուրյանի կարծիքով՝ դա շատ կարևոր հայտարարություն էր և ապացույց, որ ՀՀ-ն ոչ թե պարզապես խոսքեր է ասում խաղաղության մասին, այլ տրամադրված է տարածաշրջանում վերջնականապես խաղաղություն հաստատելուն:
«Կարծում եմ՝ մեր հարևանն էլ պետք է դա գիտակցի և գնահատի այն քայլերը, որոնք անում եք Դուք և կառավարությունը: Իրականում այն, ինչին գնում է այսօր կառավարությունը, ես նկատի ունեմ այն քայլերը, որոնք արվում են և՛ երկրի ներսում, և՛ արտաքին քաղաքականության ասպարեզում, միտված են դրան»,- ընդգծել է նա:
Խաչատուրյանը վստահեցրել է, որ իր հնարավորությունների սահմաններում աջակցում և աջակցելու է բոլոր այն ծրագրերին, որոնք իրականացվում են Փաշինյանի կողից և միտված են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել աջակցության խոսքերի և հրավերի համար՝ նշելով, որ նրանք հաճախ են ոչ պաշտոնական հանդիպումներ ունենում և փորձում հասկանալ, որոնք են լավագույն լուծումները ՀՀ-ի համար։ Փաշինյանը նշել է, որ նախագահ-խորհրդարան-կառավարություն եռյակի միջև շատ կոնստրուկտիվ համագործակցություն է հաստատված, ինչը շատ կարևոր է հատկապես այս շրջանում:
Անդրադառնալով տարածաշրջանային իրադրությանը՝ Փաշինյանն արձանագրել է, որ Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն առնվազն հարցեր են առաջացնում։
«Տարածաշրջանային իրադրության հետ կապված, իհարկե, ես այսօր առիթ ունեցել եմ ասելու, որ հատկապես մեր վերջին հանդիպումներից, բրյուսելյան պայմանավորվածություններից հետո Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն առնվազն հարցեր են առաջացնում, և կարծում եմ՝ մենք պետք է հստակ մի հարցի պատասխան փորձենք գտնել, թե արդյոք այդ հայտարարությունները նշանակում են հրաժարում ձեռք բերված պայմանավորվածություններից: Կարծում եմ նաև, որ մեր միջազգային գործընկերների հետ պետք է այս խնդիրը կոմունիկացնենք, որովհետև բոլոր դեպքերում էլ պայմանավորվածությունների հուսալիությունը կարևոր նախապայման է, որովհետև երբ ձեռք են բերվում պայմանավորվածություններ և դրանք կյանքի չեն կոչվում, իհարկե, դա խնդիր է բոլոր տեսակի հարաբերություններում, այդ թվում՝ միջազգային և միջպետական»,- հավելել է նա:
Վարչապետը նշել է, որ կտեղեկացնի նախագահին առաջիկա պլանների մասին և, թե ինչ է նախատեսվում ՀՀ միջազգային օրակարգում:
Մոսկվայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցեր։
Եռակողմ հանդիպմանը նախորդել էր ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպումը։ Պուտինը հայտարարել էր Լաչինի միջանցքում Մոսկվայի դիրքորոշման անփոխարինելիության մասին։ Փաշինյանը Պուտինի հետ խոսել էր հաղորդակցությունների ապաշրջափակմանն ուղղված Երևանի պատրաստակամության մասին։ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է նաև Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։