Ադրբեջանի նախագահը ոչ միայն ցեղասպան սպառնալիքներ է հնչեցնում ԼՂ բնակչության նկատմամբ, այլ նաև կասկածի տակ է դնում ՀՀ անկախությունը և տարածքային ամբողջականությունը, ասված է ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։
«Ադրբեջանի նախագահը մարտահրավեր է նետում ամբողջ քաղաքակիրթ հանրությանը՝ սպառնալով ուժի կիրառմամբ օկուպացնել ՀՀ ինքնիշխան նոր տարածքներ: Ավելին, ընդգծվում է, որ նույնիսկ ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով չի կարող կանգնեցնել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջները բավարարելու նկրտումները»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ:
ԱԳՆ-ի գնահատմամբ՝ Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում խաղաղության հաստատման իր ընտրած ճանապարհին, սակայն Ադրբեջանը՝ ոչ։
«Ինչպես երևում է Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, այդ պետությունը խնդիրների լուծումը տեսնում է ոչ թե Ալմա-Աթայի հռչակագրով նախանշված սահմաններով Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության հասցեագրման, այլ սպառնալիքի և ռազմական ուժի գործադրման ճանապարհով»,- նշում է գերատեսչությունը։
ՀՀ ԱԳՆ-ն միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում մայիսի 28-ին Իլհամ Ալիևի կողմից հնչեցված հերթական ռազմատենչ հայտարարություններին, որոնք միտված են վիժեցնելու Հայաստանի ու միջազգային գործընկերների ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը:
«Ի հեճուկս ՄԱԿ-ի կանոնադրությանը, 2022թ․ հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ստանձնած ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու գրավոր հանձնառությանը, այլ հարթակներում բազմիցս ստանձնած նույնպիսի բանավոր պարտավորություններին, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին՝ Ադրբեջանի նախագահը Հայաստանին կրկին սպառնում է ուժի կիրառմամբ, իսկ ԼՂ բնակչությանը՝ էթնիկ զտումներով»,- նշված է ԱԳՆ հայտարարությունում:
ԱԳՆ-ն արձանագրել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է ոտնահարել ու անտեսել ինչպես նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այնպես էլ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները:
«Նշյալի վկայությունն է նախագահ Ալիևի խոսքերն առ այն, որ վերահսկելով Լաչինի միջանցքը` Ադրբեջանը խափանել է ԼՂ ու Հայաստանի միջև կապը: Ավելին, նույն համատեքստում վերջինս անթաքույց կերպով սպառնում է էթնիկ զտումներ իրականացնել, եթե ԼՂ հայերը «դասեր չքաղեն» Լաչինի միջանցքի արգելափակումից: Ցավոք, ձեռքբերված պայմանավորվածությունների և հանձնառությունների խախտումներն այսքանով չեն սահմանափակվում: Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ միջազգային մեխանիզմի շրջանակներում երկխոսություն սկսելու փոխարեն՝ Ադրբեջանի նախագահը վերջիններիս սպառնում է հաշվեհարդարով և քրեական հետապնդմամբ»,- ասված է հայտարարությունում:
ՀՀ ԱԳՆ-ն նշում է, որ Ադրբեջանը ոչ թե ցանկանում է հասցեագրել առկա խնդիրները, այլ առաջ շարժվել «չկան ԼՂ հայեր, չկա ԼՂ հիմնախնդիր» սկզբունքով, իսկ նման գործելաոճը հակասում է ընթացիկ բանակցությունների տրամաբանությանը, այդ թվում` միջնորդական առաքելություն իրականացնող դերակատարների՝ կարգավորման վերաբերյալ մոտեցումներին:
«Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես ԼՂ բնակչության դեմ էթնիկ զտումներ իրականացնելու իրավասություն: ՀՀ-ն միջազգային հանրության, այդ թվում՝ միջնորդական առաքելություն իրականացնող դերակատարների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի նախագահն իր հայտարարությամբ հող է նախապատրաստում ԼՂ բնակչության դեմ հերթական ագրեսիվ գործողության և իրենց հայրենիքում ազատ, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքից զրկելու համար»,- նշված է գերատեսչությունում:
ԱԳՆ-ի համոզմամբ՝ նման զարգացումները կանխելու համար Հարավային Կովկասի խաղաղությամբ և կայունությամբ շահագրգիռ բոլոր գործընկերները պարտավոր են հանդես գալ միանշանակ և աներկբա գնահատականներով:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պահանջել Էր արձակել Արցախի Ազգային ժողովը, նաև հայտարարել էր, որ Հայաստանի հետ սահմանի դելիմիտացիան «պետք է Բաքվի պայմաններով» իրականացվի: Ալիևը հայտարարել էր նաև, որ Արցախի խորհրդարանը «պետք է լուծարվի, նախագահը պետք է հանձնվի, իսկ բոլոր նախարարները, պատգամավորները և մյուսները պետք է լքեն իրենց պաշտոնները»։ Արցախի ԱԺ-ն նույնպես արձագանքել է Ալիևի հայտարարություններին՝ նշելով, որ Բաքվի հայտարարություններն ուժի կիրառման սպառնալիքի ապացույց են։