Բացառված է, նման հարց չի քննարկվելու, այն կարմիր գիծ է։ Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումներին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Խոսելով մայիսի 25-ին Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում Ալիևի այն հայտարարության մասին, թե ««Զանգեզուրի միջանցքի» նախագիծը հնարավոր ճանապարհ է, որը Ադրբեջանը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ», Գրիգորյանը նշել է․ «Շատ դեպքերում հայտարարվել է տրանսպորտային միջանցքի մասին, ինչը միջազգային պրակտիկայում ընդունված տերմին է։ Շատ դեպքերում էլ ընդգծվել է միջանցքի մասին՝ այլ ցանկության տեսանկյունից։ Այդ երկրորդ տարբերակի հետ կապված մենք մշտապես տվել ենք մեր պաշտոնական դիրքորոշումը․ այն ուղղակի բացառված է»։
Գրիգորյանը շեշտել է, որ այսօր էլ պատրաստ են խոսել տրանսպորտային հաղորդակցության մասին, բայց այդ տերմինի տակ «հատուկ ռեժիմ ենթադրող միջանցքի մասին որևէ քննարկում չի եղել»։
«Մենք հայտարարել ենք, որ դա կարմիր գիծ է, նման հարց չի քննարկվելու։ Չեմ կարծում, թե այդ հարցը քննարկելու համար եռակողմ հանդիպում կկազմակերպվի․ այն առնվազն անիմաստ է, մենք նման հարց չենք քննարկի»,-հավելեց փոխվարչապետը։
Մայիսի 25-ին Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի ժամանակ Ալիևն իր ելույթում նշել է․ ««Զանգեզուրի միջանցքի» նախագիծը՝ հնարավոր ճանապարհ, որը կկապի Ադրբեջանը իր էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ»։
Ալիևի ելույթից մոտ 10 րոպե անց, երբ Վլադիմիր Պուտինը պատրաստվում էր ելույթով ավարտել միջոցառման այդ հատվածը, Փաշինյանն անսպասելի ընդհատել է ՌԴ նախագահին և ասել, որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն Ադրբեջանն օգտագործում է «որպես Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնելու փորձ»: