ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում քննարկվեց Հայաստանում իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ:
Ըստ նախագծի՝ իգական սեռի այն ՀՀ քաղաքացիները, որոնց տարիքային շեմը 18-27 է կարող են դիմում ներկայացնել 6-ամսյա զինծառայության, ասաց նախարարը:
Նրանք դիմում են ներկայացնում մոտակա զինվորական կոմիսարիատ, սկսվում է նրանց հաշվառման պրոցեսը, առողջության ստուգումը, այսինքն անցնում են այն ստանդարտ պրոցեդուրաներով, որով անցնում է զորակոչիկը։
«Այն օրը, երբ մեկնարկում է զորակոչը, մինչ այդ օրը բոլոր պրոցեդուրաներն անցնելուց, հաստատվելուց հետո կարող է միտքը փոխել, բայց այն օրվանից, երբ համարվում է զինծառայող, այդ օրվանից ծառայությունն այլևս դառնում է պարտադիր»,- մանրամասնեց Պապիկյանը։
Մինչև հոկտեմբերի կամ մարտի 1-ը դիմում ներկայացնելու դեպքում անձը կարող է զորակոչվել ամառային կամ ձմեռային զորակոչին:
Զինծառայության ավարտից հետո կանայք կստանան մեկ մլն դրամ պատվովճար: Սակայն ցանկության դեպքում կարող են դիմել «Պաշտպան հայրենյաց» ծրագրին ու շարունակել ծառայությունը 5 տարով՝ օգտվելով բոլոր արտոնություններից:
Ըստ Պապիկյանի՝ կձևավորվի կանանց գումարտակ, որի անձնակազմը պայմանագրային ծառայության մեջ գտնվող կանայք են: