Ադրբեջանը բացահայտ ձևով տրամադրված է հայկական ներկայությունը տարածաշրջանում ընդհանրապես ոչնչացնելուն, իսկ եթե դա չստացվի, ապա գոնե հայկական պետականությունը վերացնելուն, Armenia Today-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
«Ադրբեջանից ցանկացած պահի պետք է սպասել և՛ համեմատաբար փոքր մասշտաբի սադրանքներ, և՛ լայնամասշտաբ գործողությունների վերսկսում»,- ասաց Վրթանեսյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 10-ից է անցել նոր լայնամասշաբ ռազմական էսկալացիայի նախապատրաստվելուն: «Ադրբեջանը չի համարել պատերազմն ավարտված և ցանկացած դեպքում պատրաստվել է նոր ռազմական գործողությունների: Չեմ կարող ասել, որ նա հենց վաղը պատրաստվում է պատերազմ սկսել, բայց նա չի հանգստանա մինչև Հայաստանը որպես պետություն, որպես թույլ կարողություններով, բայց ինքնուրույն միավոր չվերացնի»,- ասաց փորձագետը:
Փորձագեի խոսքով՝ էսկալացիա հնարավոր է թե՛ Արցախում թե՛ ՀՀ-ում: «Մենք արդեն տեսել ենք բավականին լուրջ հարձակումներ թե՛ 2021 թվականին, թե՛ 2022 թվականին, ու ոչ մի բան չի խանգարում, որ 2023 թվկանին էլ դա կրկնվի»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Վրթանեսյանի խոսքով՝ Ադրբեջանն, այսպես ասած, թև առավ ու սկսեց ավելի լկտի և համարձակ գործել, երբ Ռուսաստանը խրվեց Ուկրաինայի հետ ռազմական գործողությունների մեջ:
«Շատ լավ հասկանալով, որ Ռուսաստանը կենտրոնացրել է իր ռեսուրսները Ուկրաինայում, Ադրբեջանը սկսել է ավելի բաց, անկաշկանդ, ազատ գործել: Որքանով կաշխատի ռուսական գործոնը, չեմ կարող ասել, այս պահին ես առանձնակի հույսեր չեմ կապում: Իհարկե ռուսաստանը զսպող դեր ունի, այս պահին ռուս խաղաղապահներն են Արցախում, բայց գլոբալ առումով ռուսները, դատելով իրենց գործողություններից, հակված են «չբզբզալու», փորձում են զերծ մնալ որևէ քայլից, որը կարող է բերել նոր էսկալացիայի: Ադրբեջանում դա շատ լավ հասկանում են ու բնականաբար շահագործում»,- ասաց մեր զրուցակիցը:
Արևմուտքին՝ որպես զսպող օղակ դիտարելու իմաստով, Վրթանեսյանն ասաց՝ այնտեղից այս պահին համարյա բաց տեքստով ասում են, որ Հայաստանն իր անվտանգության հարցերով պետք է պայմանավորվի Թուրքիայի հետ: Նրա դիտարկմամբ՝ դրանք ըստ էության նույն խոսքերն են, ինչ Նիկոլ Փաշինյանը ուղղում է արցախցիներին՝ ասելով, որ Արցախը պետք է գնա Բաքվի հետ ինչ-որ անվտանգության հարցեր պայմանավորվելու:
«Բոլորս էլ հասկանում ենք, որ դա աբսուրդ է. Թուրքիայի հետ ինչ-որ բան պայմանավորվելը լինելու է միայն Հայաստանի պետականության ոչնչացման հաշվին: Ինչպես ադրբեջանցիներն են դա ցանկանում, այնպես էլ թուրքերը: Իրենք հասկանում են, որ ինչ-որ պահի իրենք կարող են թուլանալ, Հայաստանը կարող թափ առնել, դրա համար էլ աշխատում են հայկական ներկայությունից ազատվել այս տարածաշրջանում, որպեսզի այդ ներկայությունը երբևէ իրենց համար սպառնալիք չլինի»,- նշեց Վրթանեսյանը: